08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախախորհրդարանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձեւավորվել է որպես հայության եւ Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետեւանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում եւ հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ եւ բազմապիսի ձեւաչափի:

Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր, իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է այդ ձեւաչափն սպասարկող գործիքի:

Միեւնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով Հայաստանին իսպառ ընկճելու եւ որեւէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Երեւույթի առավել ցցուն օրինակ է վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առիթով  կազմակերպված` հայության ազգային ու հայի մարդկային արժանապատվությունը ոտնահարող եւ երկու ժողովուրդների միջեւ ատելություն բորբոքող տեղեկութային հատուկ գործողությունը:

Ուշագրավ է, որ հայաստանյան խամաճիկային վարչախումբը մի կողմից ապահովում է մեր երկրում Ռուսաստանի եւ մյուս ուժային կենտրոնների նորգաղութային ծրագրերի կատարումը, իսկ մյուս կողմից` դժբախտության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացու նկատմամբ իր պարտականությունները կատարելու փոխարեն չի հապաղում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարախաղացություն անելու առիթը հերթական անգամ օգտագործել իր կառավարումը երկարաձգելու նպատակով: Այս անգամ նա անուղղակի ձեւերով եւ էժանագին մեթոդներով հակառուսական տրամադրություններ է գրգռում, ինչից մեր ազգային շահերի հաշվին օգտվում են երրորդ կողմերը:

Մինչդեռ հայության եւ Հայաստանի կենսական շահերը պահանջում են հավասարապես զերծ մնալ հիվանդագին ու վնասաբեր ռուսամոլությունից կամ ռուսատյացությունից, որդեգրել հայակենտրոն ու հայաստանակենտրոն քաղաքականություն, ստեղծել նոր որակի, իրապես ինքնիշխան ազգային պետություն եւ դրա միջոցով դուրս գալ նորգաղութային կախյալությունից ու տարածաշրջանում ձեւավորել գործակցային միջավայր:

Առաջիկայում ստեղծվելիք ինքնիշխան հայկական պետության համար Ռուսաստանի հետ հարաբերություններն իրապես ունենալու են ռազմավարական նշանակություն: Սակայն բոլոր դեպքերում հարկ է նկատի ունենալ, որ պատմության շրջադարձային պահերին կայունությունը կորցնող աշխարհում մյուս դերակատարների համեմատությամբ Ռուսաստանի տուրբուլենտությունը շատ ավելի մեծ ու անկանխատեսելի է լինում: Ուստի Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի շրջադարձային զարգացումների եւ այլընտրանքային լուծումների:

 

Նախախորհրդարան

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ