Ավստրիան ևս արգելել է թուրք նախարարների քարոզչական ելույթներն իր տարածքում
Եվս մեկ եվրոպական երկիր է արգելել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր տարածքում ապրող թուրքերի շրջանում սահմանադրական փոփոխություններին ընդառաջ քարոզչական գործունեության ծավալումը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս անգամ էլ նմանատիպ հայտարարություն է արել Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը: Վերջինս հայտարարել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ անցկացնել իր երկրում, ապա ինքը դա արգելելու նպատակով ջանքեր կգործադրի:
Քերնը այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկանում է կանխել հասարակական կարգի հնարավոր խախտումները, որոնք կարող են գրանցվել թուրք նախարարների քարոզչական այցերի ընթացքում:
Մինչև այժմ արդեն նման որոշումներ են ընդունել Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան ու Դանիան:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: