Ակցիա ընդդեմ Նավասարդ Կճոյանի. Վահրամ սարկավագի վերնաշապիկը պատռեցին /վիդեո/
Սբ. Սարգիս եկեղեցու մոտ այսօր հրավիրված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արարատյան թեմի “Արարատ” երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, սկսվեց միջադեպով: Սբ. Սարգիս եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագի վերնաշապիկը պատռել էին եկեղեցու սպասավորները:
Քաշքշուկի պատճառը եղել է այն, որ երիտասարդական միությունը ցանկացել եէ եկեղեցուց դուրս բերել տեխնիկան` ակցիան սկսելու համար, սակայն չեն թույլատրել:
Բողոքի ակցիային մասնակցեցին “Արարատ” միության շուրջ 30 անդամներ, որոնց ընդառաջ դուրս եկավ Տեր Շահենը եւ հայտարարեց, որ երիտասարդները եսասիրությամբ են առաջնորդվում, քանի որ իրականում Տեր Հակոբը ոչ թե պաշտոնանկ է արվել, այլ առաջ է քաշվել եւ այսուհետ նա սպասարկելու է ոչ միայն Արարատյան թեմի, այլ բոլոր թեմերի երիտասարդական միությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները չանսացին Տեր Շահենի խոսքերին, քանի որ համոզված են, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Տեր Շահենի նյարդերը չդիմացան: Նա ասաց, որ Տեր Հակոբը կարգապական խախտում է արել: Բողոքավորների խոսքով, նրանք Նավասարդ Կճոյանի դեմ չեն բողոքում, այլ պահանջում եւ խնդրում են հետ բերել Տեր Հակոբին:
Արարատյան թեմի մամլո դիվանի աշխատակցուհին էլ լրագրողներին համոզում էր, որ իրականում Տեր Հակոբին ավելի լավ պայմաններ են տրվել աշխատելու համար:
Բողոքի ակցիայի մանրամասները տեսանյութում: