Նոր հնարավորություններ` Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված կայքերում
“Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երեւանը ներկայացնող կայքերի բարելավման եւ զարգացման ուղղությամբ:
Մասնավորապես “www.Iyerevan.am” կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաեւ քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ “www.MyYerevan.am” կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այստեղ ինտեգրվել է նոր` “YerevanResto” բաժինը, ինչը Երեւան քաղաքի սննդի եւ ժամանցային օբյեկտների մասին ինքնատիպ տեղեկատու-ուղեցույց է: Կայքի այս բաժինը նպաստում է տեղեկատվության մատչելիությանը` այդպիսով խթանելով նաեւ Երեւանում զբոսաշրջության զարգացումը: Կայք է ինտեգրվել նաեւ “3600 Երեւան” նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:
Աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի`”www.yerevan.am”-ի հզորացման եւ այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն