Երեւանի քաղաքապետարանի կողմից տարածված հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ

Ս.թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից տարածված հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ եւ ոչ մի կապ չունի իրականության հետ: Չքննարկելով հաղորդագրության մեջ ներկայացված ուռճացված ծախսերը, մեքենայի ամորտիզացիայի համար սահմանված 60 ամիսը՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում իրենց կողմից տարածված հաղորդագրության 16-րդ կետով տրված 5.850 ուղեւորների փաստի վրա: Հիմնական մոլորեցումը հենց այստեղ է. ամսական 5.850 ուղեւոր նշանակում է՝ օրական 195 ուղեւոր: Նույն հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղեւոր, այսինքն մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղեւոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղեւոր: 25 ուղեւորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195 այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղեւոր: Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղեւորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը):
Կոչ ենք անում պատկան մարմիններին, քաղաքական եւ հասարակական միավորումներին շտապ ձեռնարկել նշված փաստերի եւ ստեղծված այս իրավիճակի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում:
“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպություն