Դեռևս ամեն ինչ կորած չէ. տրանսպորտի հին գինը հնարավոր է վերականգնել
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ հասարակական տրանսպորտի թանկացման պատճառը գազի թանկացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պողոսյանը` հավելելով, որ ցավալի է, որ գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման ցավոտ խնդիրները լուծվեցին ընդամենը մի քանի օրում:
”Ո՞ւր է տրամվայը, ո՞ւր է տրոյլեբուսը, տրոյլեբուսը հոգեվարքի մեջ է: Սրանք կամային որոշումով ոչնչացվում են, որովհետև որոշ մարդկանց պետք է որ ոչնչացվեն”,-նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով` պատրաստվում է 42 հազար հոգուց բաղկացաց ցույց տրանսպորտի թանկացման դեմ: Այս ցույցը կարող է վերադարձնել նախկին գինը: Դիտարկմանը, որ արդեն ուշ է, նա արձագանքեց, որ միգուցե և ուշ է: Սակայն Սպառողների միության նախագահը հիշեցրեց, որ տարիների առաջ էլ տրանսպորտը դարձրել էին 130 դրամ, սակայն այն ժամանակ իրենք այնքան աղմուկ բարձրացրին, դիմեցին քաղաքապետարանին, և այդ սակագինը միայն երեք օր գործեց:
Պողոսյանը շեշտեց, որ այս իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ գծատերերը` տրանսպորտային երթուղի շահագործող կազմակերպության ղեկավարը նույն պատգամավորն ու գեներալն է: ”Բնական է, որ մենք այսպես էլ պետք է տառապելով ապրենք”: