Մեր մոտ հակասական է տուրիզմի եւ հանքարդյունաբերության զարգացումը նույն տարածաշրջանում
Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, “Առողջ Հրազդան” քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ տուրիզմի եւ հանքարդյունաբերության հակասություններին:
Նա նշեց, որ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տուրիզմը չի կարող համահունչ զարգանալ հանքարդյունաբերության հետ, քանի որ նշված ճյուղերը հնարավոր չէ համատեղել:
“Կառավարությունն ունի որոշում տուրիզմի առաջնահերթության վերաբերյալ, սակայն նույն կառավարությունը հանքարդյունաբերությանը եւս առաջնահերթություն է տալիս: Այդ երկու ճյուղերը միմյանց փոխկապակցված են եւ հնարավոր չէ համատեղել դրանք նույն շրջանում”:
Մ. Մանուկյանը տեղեկացրեց, որ արդեն մեկ տարի է` փորձում է կառավարությունից ճշտել, թե որ ճյուղն է առաջնահերթ:
“Օրինակ` Հրազդանի տարածաշրջանը հանդիսանում է Երեւանի թոքերը, քանի որ բնությամբ շատ հարուստ է` Ծաղկաձոր, Աղվերան, Արզական: Մենք գիտենք` այդ վայրերում տուրիզմը շատ զարգացած է դեռ խորհրդային տարիներից: Վերջին շրջանում եւս մեծ ներդրումներ են կատարվում, եւ հենց Հանքավանում հին հյուրանոցներն են վերանորոգվում”:
Նրա խոսքով, խնդիր այն է, որ այս պահին ՀՀ կառավարության կողմից տրված են հանքերի ուսումնասիրման կամ շահագործման վերաբերյալ լիցենզիաներ. “Հրազդանից Հանքավան ընկած հատվածում առնվազն 8 ոսկու հանքերի շահագործման կամ ուսումնասիրման վերաբերյալ լիցենզիա է տրամադրվել: Հանքավանում եւս պիտի շահագործվի պղինձ-մոլիբդենի հանքավայր, որը եւս մեծ վտանգ է հանդիսանում էկոլոգիայի համար: Մեր մոտ հակասական է տուրիզմի եւ հանքարդյունաբերության զարգացումը նույն տարածաշրջանում”:
Պարոն Մանուկյանը տուրիզմի զարգացման առավելությունների թվում նշեց ճյուղում շատ մարդկանց մասնակացությունը, կայուն եկամտի ապահովումը եւ բնության ու պատմական հուշարձանների պահպանումը, իսկ հանքարդյունաբերությունը եկամտի բաշխման առումով անհավասար եւ անսահմանափակ պայմաններ է առաջարկում:
“Ոլորտի գործունեությունը ամբողջովին չի բացառում հետեւանքները բնության վրա: Մեծապես վնասվում է հանքերի եւ պոչամբարների լանդշաֆտը”:
Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրենը, համեմատական տանելով Կոբուլեթիի եւ Ծաղկաձորի նույն մակարդակի հյուրանոցների գների միջեւ, նշեց, որ Ծաղկաձորում 50% գները ցածր են: