Թուրքիայի քրդաբնակ շրջաններում արդեն զոհվել է 2000 քաղաքացի․ ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը զեկույց է պատրաստել 2015-2016թթ. Թուրքիայի քրդաբնակ շրջաններում երկրի անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների և գրանցված զոհերի վերաբերյալ:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` զեկույցից պարզ է դարձել, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 2.000 հոգի և գրանցվել են բազմաթիվ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Զոհվածներից 800-ը ուժային կառույցների ծառայողներ են, 1.200-ը խաղաղ բնակիչներ կամ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներ են:
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում շուրջ 500.000 մարդ (ճնշող մեծամասնությունը քուրդ) ստիպված է եղել լքել իր բնակավայրը: Բանակի կողմից կիրառված հրետակոծության հետևանքով բազմաթիվ բնակելի շենքեր են ավերվել:
2016 թվականին Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքի բնակիչները ստիպված են եղել շաբաթներ անցկացնել նկուղային հարկերում` առանց խմելու ջրի ու դեղամիջոցների:
Զեկույցում հիշեցվում է, որ ՄԱԿ-ի ծառայողներին թուրքական իշխանությունների կողմից թույլ չի տրվել այցելել նշված շրջաններ:
ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնն էլ մտահոգություն է հայտնել, որ մինչև այժմ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որևէ հետաքննություն չի սկսվել: «Որևէ կասկածյալ անգամ չի կալանավորվել, որևէ մեկի վերաբերյալ դատական գործ չի հարուցվել»,- ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան: