Հայաստանը միշտ բաց է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսին
Սիրելի Նիկոս,
Հարգելի ներկաներ,
Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը, իմ լավ բարեկամին՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին, Հայաստանում։ Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը, քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման ուղիներն ու քայլերը:
Նախ՝ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, մենք քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Կարևորեցինք բարձր մակարդակի կանոնավոր փոխայցելությունները, որոնք յուրաքանչյուր անգամ նորովի են հարստացնում երկկողմ օրակարգը և նոր լիցք են հաղորդում տարբեր ձևաչափերում սերտ համագործակցությանը:
Ես և իմ գործընկերը, միևնույն ժամանակ, համակարծիք ենք, որ երկու պետությունների փոխգործակցության ներկա մակարդակը զիջում է մեր ժողովուրդների միջև դարերից եկող ջերմ բարեկամական կապերին, ավանդաբար փոխադարձ խոր համակրանքին: Եվ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում և ուղղություններով՝ նոր խթան հաղորդելու հարաբերությունների առավել ամրապնդմանը և ընդլայնմանը:
Անդրադարձ կատարեցինք քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցության առավել խորացման ուղիներին:
Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Քիչ առաջ նաև դիվանագիտական կադրերի ուսուցման և վերապատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև։ Սա մեր փոխգործակցության նոր ոլորտ է։
Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: Անդրադարձանք Կիպրոսի հիմնահարցին: Նախարար Կոձիասը ներկայացրեց դրա շուրջ վերջին զարգացումները:
Ես ներկայացրի ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծման առաջ մղմանը:
Երկուստեք շեշտեցինք, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում և պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում:
Նորից ողջունում եմ գործընկերոջս:
Նիկոս, խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։
Athens news agency. Հարցս ուղղում եմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարին։ Խոսե՞լ եք արդյոք Թուրքիայի մասին և տեսնո՞ւմ եք արդյոք ձեր հարաբերությունների բարելավման հնարավորություն։ Ի՞նչ ուղերձ կցանկանայիք ուղղել այս կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյան․ Մենք արդեն նշեցինք, որ քննարկել ենք տարբեր միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Բնականաբար, մեր մեծ ընդհանուր տարածաշրջանը չի կարող ուսումնասիրվել առանց մեր, Հունաստանի հարաբերությունների Թուրքիայի հետ: Հայաստանն իր կողմից բավականին քայլեր է արել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Գիտեք այն նախաձեռնության մասին, որով Հանրապետության Նախագահն էր հանդես եկել՝ առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Սակայն Թուրքիան հետ կանգնեց այդ պայմանավորվածություններից: Չնայած ստորագրված արձանագրությունների՝ Թուրքիան հրաժարվեց վավերացնել և իրականացնել դրանք: Այսինքն, փաստորեն, չհարգեց միջազգային հարաբերությունների ամենագլխավոր սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» սկզբունքը՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Հայաստանը միշտ բաց է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, և հույսով ենք, որ մի օր Թուրքիայում էլ նույն մոտեցումը, դիրքորոշումը կունենան և կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ գործընկերների, այլ երկրների հետ:
Հանրային ռադիո. Պարոն Նալբանդյան, Մամեդյարովը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրով բանակցությունները կասեցվել են Հայաստանի կողմից։ Կխնդրեմ Ձեր պարզաբանումն այս հարցի շուրջ։
Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններին, ապա այդ բանակցություններն այսօր, փաստորեն, չեն ընթանում այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան նոր ագրեսիայով շատ լուրջ հարված հասցվեց խաղաղ կարգավորմանը, և կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը լրջորեն հետ մղվեց: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են այդ ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմանների ստեղծմանը, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել: Դրան էին ուղղված գագաթաժողովները, որոնք կազմակերպվեցին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին այդ գագաթաժողովների ժամանակ:
Հայտնի է, որ միջազգային հանրությունը, եռանախագահները և Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ, որովհետև հենց Ադրբեջանն է հրաժարվում իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին: Գիտեք, երբ որ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, և հետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմն իսկապես պատրաստ է բանակցությունների միջոցով գնալ կարգավորման, այդ բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման: Սա է ամենամեծ հարցը:
Բայց բանակցային գործընթացին այլընտրանք չկա, և դա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները փորձում են Հայաստանի և Ադրբեջանի հետ առաջ մղել բանակցային գործընթացը։ Դա է պատճառը, որ եռանախագահներն այսօր այցելում են Բաքու, իսկ այս ամսվա վերջին՝ մարտի 27-ին, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Արցախում: Իհարկե, պետք է փորձենք այս գործընթացն առաջ շարժել: Բայց, նախևառաջ, պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Այսինքն՝ պետք է համապատասխան, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար:
Independent Balkan News Agency. Հունաստանը և Հայաստանը աշխարհով մեկ սփռված մեծ սփյուռք ունեն։ Չունե՞ք արդյոք սփյուռքում ապրողներին խրախուսող ծրագրեր, որոնք կօգնեն համագործակցել և սատարել Հունաստանին ու Հայաստանին, ու ավելի լավ ընկալել երկու երկրների, քաղաքակրթությունների միջև ընդհանուր եզրերը։ Նաև մենք բազմաթիվ պատմական իրադարձություններ ունենք, հիմնականում ողբերգական իրադարձություններ, ինչպիսին է, օրինակ, Հայոց ցեղասպանությունը: Եվ լավ կլիներ, եթե մի հուշարձան հիմնվեր Հայաստանում կամ Հունաստանում, որն իր մեջ կարտացոլեր այս ամենը, այս պատմությունը՝ Ցեղասպանությունը, Զմյուռնիայի ողբերգությունը և այլն։
Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, Նիկոսն ասաց, որ ութ միլիոնանոց հունական սփյուռք գոյություն ունի աշխարհում. նույնը մեր սփյուռքն է։ Մեր ժողովրդի երկու երրորդը ապրում է աշխարհի չորս ծայրերում, հարյուր երկրներում։ Իհարկե, միացնելով այս ներուժը, որն ունի հայկական սփյուռքը և հունական սփյուռքը, իսկ պետք է ասել, որ մեր երկու ժողովուրդները նույն մոտեցումներն ունեն այն հարցերի շուրջ, որոնք հուզում են երկու ժողովուրդներին և, բնականաբար, նման մոտեցումներ ունի նաև սփյուռքը, թե մեկ կողմից, թե մյուս։ Միացնելով երկու կողմի ներուժը՝ մեծ հնարավորություններ կստեղծվեն առավել ամրապնդելու, սերտացնելու մեր համագործակցությունը թե երկկողմ, թե միջազգային հարթակներում:
Հայերի և հույների միջև ամենուրեք շատ սերտ կապեր գոյություն ունեն։ Միանշանակորեն մենք կողմ ենք առավել սերտ համագործակցությանը: Կարծում եմ, որ մենք կարող ենք ուսումնասիրել հնարավորությունը՝ ինչպես բերել այդ համագործակցությունն ավելի գործնական դաշտ։
Ինչ վերաբերում է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ համատեղ ջանքերին. նախ մեր ժողովուրդը, լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ, պարտավորություն է զգում ջանքեր գործադրել, որպեսզի կանխարգելի նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ նոր հանցագործություններ: Դա է պատճառը, որ մեր կողմից այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում՝ Ժնևում։ ՄԱԿ-ի շրջանակներում արդեն բազմաթիվ բանաձևեր են ընդունվել, վերջինը, որն ընդունվեց 2015թ.՝ Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ, և նաև մեր նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում՝ հռչակելով դեկտեմբերի 9-ը որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր։ Կարծում եմ, հայ և հույն ժողովուրդները այս իմաստով համատեղ կարող են բավական ջանքեր գործադրել:
Ես կցանկանայի նշել, որ այն բանաձևերը, որոնց մասին ես հիշատակեցի, ընդունվել են կոնսենսուսով: Այսինքն, իսկապես մեծ աշխատանք է տարվել մեր դիվանագետների կողմից, այլ երկրների դիվանագետների հետ համագործակցաբար և մեր այդ նախաձեռնություններին միացել են տասնյակ երկրներ։ Կարծում եմ, որ, նկատի ունենալով թե հայոց պատմության և թե հունական պատմության՝ անցյալի բավական ողբերգական էջերը, մենք իսկապես կարող ենք ավելի համադրել և ավելի միացնել մեր ջանքերն այս ուղղությամբ:
Aysor.am. Պարոն Նալբանդյան, հակառակ Բաքվի որդեգրած մոտեցման՝ հայկական կողմը միշտ հետ է վերադարձնում ադրբեջանցի նույնիսկ դիվերսանտների մարմինները։ Ճի՞շտ է արդյոք այս միակողմանի քայլը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
Էդվարդ Նալբանդյան․ Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին։ Հենց դավանած արժեքներով, մարդասիրությամբ է, որ քաղաքակիրթ աշխարհը տարբերվում է Ադրբեջանից, մի երկրից, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են ազգային հերոսներ։ Թե Հայաստանը, թե Արցախը մշտապես հանձնառու են միջազգային մարդասիրական իրավունքին և կոնվենցիաներին, դրանցից բխող պարտավորություններին, որոնցից մեկը հենց զոհվածների մարմինների վերադարձն է։ Բայց այստեղ խոսքը գնում է ոչ միայն կոնվենցիաների կամ միջազգային իրավունքի հարգման մասին, այլ ուղղակի պետք է մարդ մնալ, անգամ, երբ հակառակորդն իրեն մարդավարի չի պահում։ Սա է այն մեծ տարբերությունը, որը կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Ազատություն ռ/կ. Պարոն Նալբանդյան, վերջերս և Դուք, և Ադրբեջանի արտգործնախարարն այցելեցիք Մոսկվա, այնտեղ հանդիպումներ եղան արտգործնախարար Լավրովի հետ: Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Լավրովն ասաց, որ «ղարաբաղյան հակամարտությունը տրվում է կարգավորման, դա առաջին հերթին անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանների վերադարձի հարցը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, կարգավիճակի որոշումը՝ այն մարդկանց կարծիքը հաշվի առնելով, ովքեր այնտեղ ապրում են»: Որից հետո ասաց, որ՝ բայց քննարկվում են երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար: Հարցս հետևյալն է՝ պարոն Նալբանդյան, ի՞նչ երկու-երեք առանցքային հարցեր են, որոնք քննարկվում են, և, հաշվի առնելով Ձեր և Ադրբեջանի արտգործնախարարի բանակցությունները Ռուսաստանի Ձեր կոլեգայի հետ, ռուսական կողմը ինչ-որ նախաձեռնությամբ է հանդես եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, կա՞ այդպիսի նախաձեռնություն, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան. Նախ և առաջ պետք է համեմատության մեջ դնել այն, ինչ որ ասում է Ադրբեջանի նախարարը՝ գտնվելով Ռուսաստանում, և հենց Ռուսաստանի արտգործնախարարը: Ես չեմ ասում համեմատեք նրա հետ, ինչ որ հայկական կողմն է ասում: Դուք կտեսնեք՝ ինչքանով է դա տարբերվում: Մեկ կողմից միջազգային հանրության մոտեցումն է, մյուս կողմից՝ Ադրբեջանի, որն իր ուզած ձևով է ներկայացնում բանակցային գործընթացը և գլխիվայր է դնում դա: Միայն ինչ-որ մեկ կետերի կամ երկու կետի մասին է խոսում՝ ձևացնելով, թե դրա մասին է խոսքը գնում:
Բայց բազմիցս, ոչ միայն այս անգամ, այլ տարիներ շարունակ ասվել է, որ այն սկզբունքները և այն տարրերը, որոնք մշակվել են եռանախագահների կողմից և գտնվում են բանակցություների սեղանին, մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի անջատել մեկ սկզբունքը մյուսից և մեկ տարրը մյուսից: Այս ամենի վերաբերյալ ոչ միայն հինգ հայտարարություններն են եղել եռանախագահող երկրների նախագահների մակարդակով։ Մենք ասում ենք, որ այդ հայտարարությունները համահունչ են մեր մոտեցումներին և մենք պատրաստակամություն ենք հայտնել դրա հիման վրա գնալ կարգավորմանը:
Ես ուղղակի ժամանակի սղության պատճառով չէի անդրադառնում մնացած հայտարարություններին, բայց վերցրեք արտգործնախարարների մակարդակով արված հայտարարությունները ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդների ընթացքում: Ամեն դեկտեմբեր ամսին, գիտեք, որ այդպիսի հանդիպումներ են կայանում, և վերջին առնվազն ութ-ինը տարվա ընթացքում բոլոր այդ հայտարարությունները, որ արվել են, Հայաստանը ասում է, որ՝ այո, ողջունում է այդ հայտարարությունը և դրա հիման վրա կարող է գնալ կարգավորման: Դուք, եթե հետևել եք, տեսել եք, որ ամեն այդ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարը և նախարարությունը կետ առ կետ մեկնաբանություններ են տվել բոլոր այդ հայտարարությունների վերաբերյալ, որոնք որևէ կերպ չեն հակասում մեր մոտեցումներին: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը:
Իսկ այն հարցին, թե որ կետերին չենք համաձայնել. գիտեք, սա բանակցային գործընթաց է։ Եթե կարիքը լիներ ներկայացնել այն կետերը, որոնց շուրջ համաձայնել ենք կամ չենք համաձայնել, այն ժամանակ միգուցե բանակցությունների իմաստ չէր լինի, թերթերի միջոցով կբանակցեինք և հանդիպումներ չէինք ունենա:
Մեր մոտեցումները, ինչպես ես բազմիցս նշել եմ, համահունչ են միջազգային հանրության և եռանախագահող երկրների մոտեցումներին։ Վերջիններն ունեն համապատասխան լիազորություններ, միջազգային հանրության կողմից տրված մանդատ՝ այդ միջնորդությունը կատարելու համար, և իրենք ներկայացնում են կոնկրետ առաջարկներ: Հայաստանը չէ, որ մերժում է կամ հետ է կանգնում։ Մշտապես Ադրբեջանն է հետ կանգնում։ Եվ ոչ միայն բանակցային գործընթացի էության վերաբերյալ, այլ անգամ այնպիսի հարցերի, ինչպիսիք են վստահության վերականգնման և ամրապնդման միջոցները։
Ես նշեցի Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ինչի՞ մասին է խոսքը գնում. Վիեննայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախարարների մակարդակով արվեց հայտարարություն, որտեղ հստակ նշվում էր, որ կողմերը համաձայնել են այս կետերի շուրջ։ Իսկ Սանկտ-Պետերբուրգում, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այնտեղ ասվեց, որ վերահաստատվում են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում։ Իսկ այդ համաձայնությունների ու քննարկումների ժամանակ գլխավոր հարցը նա էր, որ պետք է հարգվեն եռակողմ անժամկետ զինադադարի վերաբերյալ համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել 1994-1995թթ․ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որ պետք է ստեղծվի զինադադարի խախտումների և շփման գծում ու սահմանին միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ, և նաև պետք է ընդլայնվեն դիտորդների հնարավորությունները և ընդհանրապես այն թիմի հնարավորությունները, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Ո՞վ է այդ ամենին դեմ դուրս գալիս։ Ադրբեջանը։
Այսինքն կրկին ու կրկին միջազգային հանրությունը տեսնում է, որ մենք գալիս ենք ինչ-որ մի հանգրվանի, ինչ-որ բան պայմանավորվում ենք, և ոչ միայն երկկողմ հանդիպումներով Ադրբեջանի հետ, այլ միջնորդներ հանդիսացող Անվտանգության խորհրդի մշտական երեք անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների ներկայությամբ։ Ադրբեջանը մշտապես հետքայլ է անում և այնպիսի մեկնաբանություններ է տալիս ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, որ եռանախագահող երկրները երբեմն ստիպված են լինում ասել, որ դա այլասերում է, այլ ոչ թե իրականությանը համապատասխանող մեկնաբանություն։
Ազատություն ռ/կ. Ռուսական կողմից ինչ-որ նախաձեռնություն կա՞ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյան․ Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, այն ժամանակ մենք կտեղեկացնենք, քանի որ մենք հանրությունից երբեք դա գաղտնիք չենք պահում և ամեն ինչի մասին բացեիբաց խոսում ենք։ Ադրբեջանն է, որ ամեն անգամ իր ուզած ձևով է ներկայացնում, սակայն վերջում հայտնվում է, որ այդքան էլ այդպես չէ։ Ներկա պահին խոսքը գնում է միայն եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ, ապագայում թե ինչ հնարավորություն կլինի հանդիպման համար, կտեսնենք։ Հայաստանը երբևէ չի հրաժարվել հանդիպումներից թե նախարարների, թե ավելի բարձր մակարդակով, բայց այդ հանդիպումները պետք է համապատասխան ձևով նախապատրաստվեն։ Այստեղ ոչ միայն նախապատրաստման հարցն է, այլ ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցություններին, այլ ոչ թե ձևացնի, թե բանակցություններ է վարում, բայց իրականում շանտաժների լեզվով է խոսում։ Շանտաժների լեզվով բանակցություններ վարել անհնար է, և իրենք իրենց փակուղու մեջ են մտցրել ու իրենց հանրության առջև սկսում են արդարանալ, թե իբրև թե ինչ-որ հարցերում նույն մոտեցումներն ունեն, ինչ միջազգային հանրությունը։ Իրականությունը լրիվ ուրիշ բան է ասում։