Ամփոփվել են սոցիալական ծառայությունների այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ:
Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային եւ կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով:
Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի եւ սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ Ավան վարչական շրջանում հրավիրված քննարկմանը ներկայացվել են 2013 թվականի առաջին կիսամյակում իրականացված եւ մինչեւ տարեվերջ նախատեսված ծրագրերը:
Մասնավորապես, ներկայացվել են նաեւ նույն ժամանակահատվածում սոցիալական ծառայությունների կողմից կարիքավոր բնակչության փաստագրման արդյունքները, ինչպես նաեւ նշանակված պետական նպաստների եւ դրանց փաստացի վճարման ցուցանիշները:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ուշադրության կենտրոնում պետք է շարունակի մնալ կարիքավոր քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի, դիմումների եւ առաջարկությունների նկատմամբ հսկողությունը` հնարավոր լուծումներ տալու եւ պատշաճ սոցիալական սպասարկում ապահովելու համար:
Քննարկման մասնակիցները այցելել են նաեւ վերջերս Ավանում բացված “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն”, որտեղ բնակչությանը “Մեկ պատուհան” եւ ” Մեկ կանգառ” սկզբունքով մատուցվում են համալիր սոցիալական ծառայություններ: Ի դեպ, նշենք, որ նման կենտրոններ գործում են նաեւ Նուբարաշեն, էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն