Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարևորելով երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ ձևավորվել են համագործակցության հարուստ ավանդույթներ և արդյունավետ մեխանիզմներ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին պարոն Կոցիասը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:
Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ: