Ով է գումար փոխանցել Հրաչյա Հարությունյանի ընտանիքին. ՊՆ-ն էլ կփոխանցի՞
Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվել է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար հատկացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր Հրաչյա Հարությունյանը քրոջ դուստրը ասաց, որ իր ոչ հավաստի տեղեկություններով` երեկ իրենց գումար է փոխանցել ՊՆ-ը: Սակայն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեկ իրենք ընկերներով են այցելել վարորդի ընտանիքին, և գումար է փոխանցել Արամ Անտինյանը: /Վերջինս լրատվական կայքերից մեկի խմբագիրն է/:
Պատասխանելով այսօր մի շարք Հ/Կ ներկայացուցիչների մեղադրանքներին, որ ՊՆ-ը պետք է ժամանակին հոգ տաներ, գումար տրամադրեր Հրաչյա Հարությունյանի որդու շիրմաքարը կառուցելու համար` Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
”Մեղադրելը շատ հեշտ է, պետք է հիմնավոր լինի, ոչ ոք իրավունք չունի մեզ անհիմն մեղադրել”: Մեղադրանքներն, ըստ ՊՆ խոսնակի` իսկապես անհիմն են:
”Իհարկե անհիմն են, քանի որ երեխան մահացել է զորացրվելուց մեկ տարի հետո, պատճառահետևանքային կապ չկա ՊՆ-ի հետ”,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի:
Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանը Մոսկվա էր գնացել ծառայությունից հետո ծանր հիվանդությունից մահացած որդու շիրմաքարը սարքելու համար գումար վաստակելու նպատակով: