Խլամը տվել են ՛՛Բարև Երևանին՛՛, իսկ լավը վաճառում են

Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցությանը դեռևս այն նույն ավտոմեքենան են հատկացնում, որից իրենք դժգոհում էին: ՛՛Նույն վոլգան են տալիս, բայց այսօր նամակ ենք ուղարկել քաղաքապետին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Բախշյանը նամակում գրելու է, որ քաղաքապետարանի կայքում տեղադրված է հայտարարություն, որ 2007 թվականի ավտոմեքենաներից մեկը վաճառում են, իսկ իրենց տրամադրված մեքենան, որ 2003 թվականի է, իրենց են տրամադրում:
՛՛Մեզ տալիս են 2003-ի խլամը, իսկ այն մեկը վաճառքի են հանել, այն մեկը ծախեք՛՛,-առաջարկում է Բախշյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է.
՛՛Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ”Բարեւ Երեւան” խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող ”ԳԱԶ 3110” մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում՛՛: