Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների լարված հարաբերությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի պաշտոնակցի՝ Զիգմար Գաբրիելի հետ:
Թուրքական «Tgrthaber» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը քննարկել են վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Նշվում է, որ մարտի 2-ին ևս նախարարները հեռախոսազրույց էին ունեցել և մարտի 8-ին Բեռլինում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նպատակով մարտի 2-ին պիտի ելույթ ունենային Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր: Նման քայլը խստորեն դատապարտել էր Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ էր համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Բացի այդ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: