27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես վերջապես ազատվեցի այս գրքից․ Արտավազդ Փելեշյան

IMG_20170222_215303

2016 թվականին լույս տեսավ համաշխահային կինոյի մերօրյա լեգենդ Արտավազդ Փելեշյանի մասին հոդվածների ու ակնարկների՝ «Դրոշշման ժամանակը» խորագրով երկհատոր ժողովածուն։  Գրքերում  կարծիքներ,  վերլուծություններ, տպավորություններ ու մեկնաբանություններ են Փելեշյանի արվեստի մասին։  Վարպետը դրանք հավաքել, ի մի է բերել տասնամյակների ընթացքում և իր ձեռքով կազմել երկհատորյակը։

Արտավազդ Փելեշյանն ինքն էլ գրքերի հեղինակ է. համաշխարհային կինոյին հայտնի են նրա  «Տարածական մոնտաժ» և «Իմ կինոն» աշխատությունները։ Պարզվում է՝ մոտ  50 տարի նա մտորել է մի  գրքի շուրջը, որի ձեռագրերը հսկայական տրցակ են կազմում. դրանք գրվել են երկար տարիների ընթացքում՝ փուլ առ փուլ։ Այսինքն՝ Վարպետը ժամանակ առ ժամանակ ուշադրությունը, ուժերն ու աշխատանքը կենտրոնացրել է իր մենագրության վրա, մտքերը շարադրել և վերջապես կես դար հետո  ամբողջացրել ու մեկտեղել դրանք։ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ բառացիորեն օրերս լույս է տեսել Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» աշխատությունը։

79 տարեկանում Արտավազդ Փելեշյանը հանրագումարի է բերել դեռ դպրոցական տարիներից, ավելի ճիշտ՝ դեռ  իր նախաստեղծ, սաղմնային  վիճակում աշխարհի, կյանքի, բնության, տիեզերական երևույթների, աներևույթ ու անտեսանելի գոյերի, հասկացությունների մասին պատկերացումները։ Վարպետն առհասարակ ամեն ինչի նկատմամբ անհատական տեսակետ ու դիրքորոշում ունի։ Նրա մտքերը, որպես կանոն, դուրս են ընդունված կանոններից ու կարծրատիպերից։ Ամենավառ ապացույցը՝ նրա կինոլեզուն, ու հիմա էլ՝ նոր գիրքն է։

Արտավազդ Փելեշյանը մեկնաբանում է իր նոր աշխատության շարժառիթները, ուղղություններն ու որոշ թեմաներ։

Այս գիրքն իմ կինոմտածողությունն է՝ թեքված դեպի գիտությունը

-Տարբեր ժամանակներում՝ 1972-ին, 2002-ին և  2011-ին եմ կենտրոնացել գրքի գաղափարի վրա. վերջին տարիներին ձեռագրերս վերջնականապես մաքրագրեցի, ամբողջացրի։ Միտումնավոր եմ ձեռքով գրել, որովհետև ստեղծագործական աշխատանքը պետք է  ձեռքով գրվի, պիտի այդ ընթացքում մի տասն անգամ կարդաս գրածդ, ընկալես, մարսես։ Պիտի ձեռքդ դիպչի թղթին ու գրչին, ոչ թե համակարգչին։  Մատիս վրա կոշտուկ էր առաջացել, կինս անընդհատ դողուդարման էր անում, որ կարողանամ գրել։ Ռուսերեն գրեցի, որովհետև դեռ ՎԳԻԿ-ից  ռուսերեն եմ մտածում։ Իհարկե, կուզեի՝ գիրքս հայերեն թարգմանվեր։ Խոսք կա, որ այն անգլերեն էլ է թարգմանվելու։ Տեսնենք։ 500 օրինակով է հրատարակվել. կարևորը՝ գիրքս կա, թե հետո ով ինչ լեզվով կթարգմանի, ուր կհասցնի, որտեղ կտարածի, ապագայի հարց է։ Ես ի՞նչ իմանամ։

 Իմ չնկարած ֆիլմերի փոխարեն է այս գիրքը

-Սա գիտական աշխատանք է։ Կես դար ինձանից ահռելի էներգիա, ջանքեր, ուժեր է խլել այս գիրքը, վերջապես տպագրվեց։ Հանգստացա։

Շատ ոլորտների, երևույթների, հասկացությունների եմ անդրադարձել։ Բնության մեջ կան կոդավորված երևույթներ, որոնք վերջնական բացատրություն չունեն, իսկ բացահայտումները պայմանական են։ Ես գրել եմ իմ մտորումները եգիպտական բուրգերի, ադամանդի, տիեզերքի, երազի, կրոնի, խորհրդանիշերի մասին։ Հիմնվել եմ տարբեր աղբյուրների, կարծիքների վրա, բայց դրանց կողքին ներկայացրել եմ իմ տեսակետը, իմ մոտեցումներն ու եզրահանգումները։ Դրանք մեկնաբանել ու վերլուծել եմ մանրամասնորեն՝ հիմնավորելով, թե ինչու եմ հակառակվում գիտության մեջ տարածված, ընդուված  թեզերին, կարծիքներին կամ բանաձևերին։

Գիտեմ, որ հարձակումների եմ ենթարկվելու, կռիվներ կլինեն իմ դեմ

-Մի օրինակ բերեմ իմ ուսումնասիրություններից, որը մանրամասն բացատրում եմ գրքումս։ Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությամբ առաջարկեց տիեզերքի հետևյալ մոդելը, որը դեռ մանկապարտեզից ենք սովորում՝ պլյուսի(+) կողքին միշտ կա(-) մինուս։ Էյնշտեյնը տիեզերքն այսպես դիտարկեց՝ ձգողականության ուժը հանգեցնում է սեղմվելուն, հետևաբար՝ պայթելուն, ինչը նշանակում է, որ տիեզերքը մի օր կոչնչանա։ Բայց Էյնշտեյնը պլյուս-մինուսի կողքին աբստրակտ՝ «տիեզերական հաստատուն»-ի նշանը դրեց։ Ամերիկացի գիտնական Էդվին Հաբբլն այլ տեսություն առաջ քաշեց՝ տիեզերքը լայնանալու հատկություն ունի։ Այդ ժամանակ Էյնշտեյնը հրաժարվեց իր «տիեզերական հաստատուն»-ից՝ ասելով, որ դա իր կյանքի ամենամեծ սխալն էր։ Ես ասում եմ՝ Էյնշտեյնի ամենամեծ սխալը «տիեզերական հաստատուն»-ից հրաժարվելն էր։ Նա պետք է ոչ թե հրաժարվեր դրանից, այլ ջանար գտնել պայմանական, աբստրակտ նշանին փոխարինող իսկական նշանը, իսկական ֆորմուլը։  Ըստ իս՝ ես գտել եմ այն, ինչն Էյնշտեյնը փնտրեց 40 տարի ու այդպես էլ չգտավ։ Հին աշխարհից մինչև օրս պլյուսի կողքին մինուս ենք դնում՝ որպես անխախտ օրենք։

Տարբեր վերաբերմունք ցույց կտան մարդիկ այս գրքի նկատմամբ, կամ՝ լրիվ անտարբեր, որովհետև կմտածեն, թե աբսուրդ բաներ եմ գրել, կամ կհարձակվեն ինձ վրա։

Ընդունված պլյուս-մինուսի դեմ՝ պլյուս-պլյուս-մինուս-մինուս-պլյուս-պլյուս-մինուս-մինուս…

-Յուրաքանչյուր պատճառ ունի հետևանք. յուրաքանչյուր պատճառի մեջ կա մի մասնիկը հետևանքի, և յուրաքանչյուր հետևանքի մեջ կա մի մասնիկը պատճառի։ Յուրաքանչյուր պլյուսի մեջ կա մասնիկը մինուսի, և յուրքանչյուր մինուսի մեջ կա մասնիկը պլյուսի։ Ես եկա հետևյալ եզրակացությանը. Տիեզերքը գործում է ոչ թե պլուս-մինուս, այլ պլյուս-պլյուս- մինուս-մինուս հարաբերությամբ։ Այս ֆորմուլան հանգեցնում է հետաքրքիր արդյունքի՝ պլյուս-մինուս՝ձգում են, պլյուս-պլյուս՝ վանում են, մինուս-պլյուս՝ ձգում են, և այսպես շարունակ։ Այս սխեման է աշխատում տիեզերքում, որի հիման վրա էլ տիեզերքը մշտական է ու հավերժական, որովհետև մի կողմից մասնիկներն իրար ձգում են, մյուս կողմից՝ վանում։ Ու տիեզերքը չի լայնանում, ինչպես Հաբբլն է պնդում, այլ մշտական է, հաստատուն ու չափի մեջ։

Տիեզերք՝ կինոմոնտաժի օրինաչափությամբ ու օրինակով

-Մոլորակների միջև տարածություն կա, ճի՞շտ է։ Այդ տարածության մեջ կա տարածություն, որը ծալված է, հաջորդում է ուղիղ տարածություն, հետո՝ էլի ծալված, նորից՝ ուղիղ, դարձյալ՝ ծալված ու այդպես շարունակ։ Տիեզերքը ոչ թե լայնանում է, այլ շնչում-արտաշնչում է, այսինքն՝ ոչ թե տարածությունը լայնանում է, այլ շնչել-արտաշնչելիս իմ նշած ծալվածքներն են բացվում։ Բացվելու չափից կախված՝ ծնվում է նոր մոլորակ կամ աստղ։ Իսկ արտաշնչելիս, երբ փակվում, ծալվում է տարածքը, և մեռնում է մոլորակը կամ աստղը։

Իմ գիտական վերլուծությունների հիմքը  կինոլեզուն է

Էյնշտեյն ասում էր. «Դոստոևսկին ինձ ավելի շատ բան է տվել, քան բոլոր գիտնականները, մտավորականները միասին վերցրած»։ Կինոն ինձ համար նույն նշանակությունն ունի, ինչ Դոստոևսկին Էյնշտեյնի համար։

Գիտական թեմաներն  առաջ եմ քաշել ու պարզ բացատրել, թե ինչու եմ այսպես մտածում։ Ամեն ինչ մեկնաբանում եմ, հիմնավորում։ Ես կինոյից, ավելի ճիշտ՝ կինոլեզվից հեռու չեմ գնացել. գրքում էլ եմ գրում՝ կինոն և գիտությունը հենվում են միևնույն հասկացությունների վրա՝ տարածություն, ժամանակ, շարժում։ Կինոմոնտաժը այս երեքի հարաբերությունն է հենց։ Այստեղ է որ զգում ես բացակա կադրի ներկայությունը ու համոզվում ՝ այս ի՜նչ հրեշ է կիոն։ Դու գործ ունես  հրեշի հետ՝ իսկական  գիշատչի, чудовище հետ։ Ու այդ հրեշը մագիլները խրել է ամեն ինչի մեջ, նաև՝ գիտության։

 Իսկ ինչո՞ւ ոչ. այս անգամ էլ՝ գիտության մասին

-Ես գրքում էլ եմ գրում՝ շատերը կզարմանան, թե  ինչու եմ  կինոյից հանկարծ շեղվել դեպի գիտությունը. ի՞նչ կապ ունեմ ես գիտության հետ։ Այն ժամանակ «Գրական թերթում» (Литературная газета) բաժին կար՝ «Ֆիզիկոսները ծիծաղում են»։ Գիտնականները խոսում էին կինոյից, թատրոնից, կերպարվեստից. քննադատում էին, վերլուծում։ Ես էլ զարմանում էի՝ ինչո՞ւ այդ թերթում չկա, օրինակ՝  «Լիրիկները ծիծաղում են» բաժին, որպեսի մենք էլ մեր հերթին գիտության մասին խոսենք ու մտածենք։ Դպրոցում ֆիզիկայից, մաթեմատիկայից լավ եմ եղել։ Մինչև անգամ ուսուցիչները ստուգողականների ժամանակ ինձ հանում էին դասարանից։ «Փելեշյան, դու դուրս արի, դու քո 5-ն ունես արդեն»,-ասում էին։ Ուսուցիչներս զարմացել էին, թե ինչու արվեստի ուղղությամբ գնացի, ոչ թե ֆիզիկա-մաթեմատիկայի։ Ու փառք Աստծո, որ ես կինոյի ուղղությամբ գնացի, ոչ թե ֆիզիկայի կամ մաթեմատիկայի։ Գուցե ես լավ ֆիիկոս ու մաթեմատիկոս դառնայի, բայց կկորցնեիք կինոռեժիսորին։

Երբ գրող, կինոռեժիսոր, քննադատ Ալեքսեյ Սիմոնովն իմ «Վերջ» ֆիլմը տեսավ, ասաց. «Դու մաթեմատիկոս ես, ոչ թե ռեժիսոր»

-Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսությունում վարպետության դասեր էի անցկացնում։ Տարբեր հանրապետություններից գալիս էին վերապատրաստման։ Հեռուստատեսության պետկոմիտեի նախագահը մի անգամ հարցրեց ինձ. «Մի՞թե կինոն գիտություն է»։ Պատահական չէր նրա հարցը։ Ես հասկացա, որ քննարկումներ են եղել իմ անցկացրած դասերի վերաբերյալ։ Ես պատասխանեցի. «Այո՛, կինոն գիտություն է. որպեսզի ինչ-որ բան հաջողությամբ պսակվի, պետք է օրինաչափորեն արվի։ Երգիչը ձայն ունի, չէ՞, այդ դեպքում ինչո՞ւ է գնում Լա Սկալայում սովորելու։ Որպեսզի տեխնիկա սովորի, ձայնը զարգացնի, այսինքն՝ օրինաչափություններին տիրապետի»։

Կինոյում բացակա պատկերների տեսությունն ինձ շատ բան հուշեց։ Տիեզերքն էլ է այդ գաղտնիքի հիման վրա կառուցված

-Կա նաև հոգեբանական օրինաչափություն։ Եթե երգիչը լավ է երգում, այսինքն՝ սովորել ու կիրառում է իր մասնագիտական օրինաչափությունները, նրա երգից ես էլ եմ հուզվում, նրա երգն ինձ էլ է դուր գալիս։ Նույնը կիոնյում է. եթե  ֆիլմի հեղինակը օրինաչափություններ է գտել ու դրանք պահպանելով է ստեղծագործել, ուրեմն լավ աշխատանք է ստեցվել։ Այն գաղտնիքները, որ ես եմ հայտնաբերել-գտել, օրինակ՝ դիստանցիոն մոնտաժի տեսությունը, կինոդպրոցներում, ակադեմիաներում դասավանդում, ուսուցանում են, բայց այն պրակտիկորեն կիրառելը, ընդօրինակելը դժվար է։ Ասենք՝   բացակա պատկերների մոնտաժը։ Տիեզերքում էլ կան այդ բացակա պատկերները, դրանք ծալված տարածություններն են, որոնք եթե բացվեն, աստղեր կամ մոլորակներ կծնվեն, եթե փակվեն, աստղը կամ մոլորակն այլևս գոյություն չեն ունենա։ Այդ ծալված տարածությունները հենց կինոյի բացակա կադրերն են։ Բացակա կադրերում դու այդ այստղը կամ մոլորակն ես տեսնում։

Կինոյում ես հենց այդ բացակա կադրերն եմ ստեղծել։ Ես ստեղծել եմ, իսկ կինոդիտողը դա տեսնում-ընկալում է։ Բայց թե ինչպե՞ս եմ արել դա. խոր գաղտնիք է՝ անըմբռնելի։ Ինչքան էլ բացատրեմ, սովորել, ընդօրինակելը բարդ է։ Ոչ ոք չի կարող բացակա պատկերը ստեղծել, որովհետև մինչև անգամ գիտական բացատրությունը չկա այդ գաղտնիքի։ Այդ գաղտնիքը ի ծնե պետք է մեջդ լինի։ Դու ես այդ գաղտնիքի հեղինակը, արարիչը, երկրորդ մեկը լինել չի կարող. բացառված է։   Դու կարող ես հասկանալ իմ գաղտնիքը, բայց կիրառել, ընդօրինակել՝ ոչ։ Մեխնիկորեն կրկնել կարող ես՝ կադրը բաժանել, առանց խոսքի ուրիշ կադր դնել, բայց դրանով բացակա կադրերի ներկայություն ստանալ չես կարող։ Իմ ֆիլմը նայիր տասն անգամ. ամեն անգամ ուրիշ բան կտեսնես։ Գաղտնքիքը հենց դրա մեջ է։

Ի՞նչ կասեն իմ գրքի մասին։ Երևի…

-Ասեմ, թե ինչ կասեն։ Իմ «Սկիզբ» ֆիլմը ՎԳԻԿ-ի միջազգային փառատոնում 30-40 ֆիլմերի մեջ «Գրան պրի» ստացավ։ «Պրավդա» թերթը գրեց դրա մասին։ Ես եկա Երևան։ Կենտկոմի մի շարք պատասխանատու մարդիկ որոշեցին նայել ֆիլմը։ Բայց դե նրանք գիտեին, որ «Պրավդան» դրական արձագանք է տվել ֆիլմին։ Դիտումից  հետո Կենտկոմի պաշտոնյաներից մեկը շատ ներողամտաբար հարցրեց. «Կարելի՞ է մի-երկու խոսք ասել։… Նախ՝ իմ կարծիքով՝ գյուղատնտեսության մասին շատ քիչ բան կար այս ֆիլմում»։ Աչքերս թռան ճակատիս։ Փաստորեն՝ իբր գյուղատնտեսության մասին բան կար իմ ֆիլմում, դեռ մի բան էլ եղածը քիչ էր։ Շարունակեց մարդը. «Երկրորդ՝  ֆիլմում նեգրեր, վիետնամցիներ, արաբներ են վազում, բա մերոնք ո՞ւր են»։ Պատասխանեցի. «Ի՞նչ է, նարդին ու շաշկին պիտի ձեռքները վազեին, որ իմանայիք՝ սրանք էլ մերո՞նք են»։ Մարդը երրորդ հարցը տվեց. «Տասը րոպե է  նայում եմ, նրանք անընդհատ վազում են, չէ՞ր կարելի մի տեղ հանգստանային, նորից վազեին»։

Գրքիս մասին այս տիպի խոսակցություններ էլ կլինեն …երևի։

Ձեռագրերս փակում էի պահարանում. չէի ուզում, որ սրա մասին որևէ մեկն իմանա։ Ես վերջապես ազատվել եմ այս գրքից, այս գրքի բեռից։

Հ.Գ. Գրքի հրատարակման օրվանից Վարպետին հետաքրքրում էր՝ ինչ կասեն ֆիզիկոսները։ Կարճ ժամանակ անց պարզվեց՝ նրանք կարդացել ենԱրտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» աշխատությունը և ասել. «Սա արվեստի գործ է գիտության մեջ»։ Եթե մարդը համապատասխան կրթություն, մասնագիտական գիտելիքներ չի ստացել, բայց տիեզերքի գաղտնիքները, գիտության, կյանքի երևույթները վերծանում, բացատրում է գիտական լեզվով ու մակարդակով, ուրեմն այդ ունակությունն ուղղակի շնորհ, օժտվածություն է։ Նա Մտածող է։ Տիեզերական գաղտնիքները Վարպետի հոգու ու մտքի տիեզերքում պտտվել են վաղուց ի վեր և տասնամյակների փորձառության, իմաստնության ուժով վերջապես հանձնվել թղթին, որովհետև արդեն կար բանալին՝ կինոյի, կինոլեզվի բանալին։ Դրանով Վարպետը կարող է բաց անել ցանկացած դուռ, այդ թվում՝ գիտության։

 

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ

Նյութի աղբյուր՝     kinoashkharh.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ