Առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ
Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին:
Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում:
Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանը և Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաև ապահովվել էր Զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, Ազգային ժողովի համապատասխան հանձնախմբի կողմից նախաձեռնությունը թողնվել էր անավարտ:
Այժմ Զինվորական դատախազությունը նախատեսում է աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո: Մինչդեռ, այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռևս 2001 թվականին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ:
Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների և հանրության վստահությունը խիստ անբավարար է: Պաշտպանը համոզված է, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ ևօբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը և վաղվա բռնությունների ուսպանությունների կանխարգելումը:
Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերի ուսումնասիրության կապակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Զինվորական դատախազության նախաձեռնությունն ինքնին դրական է: Այդուհանդերձ, Պաշտպանը պատրաստ է իրներկայացուցչին ներգրավել աշխատանքային խմբում, եթե.
1. աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրման ենթակա դառնան այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում է կայացվել 2001 թվականի հունվարի 1-ից հետո,
2. աշխատանքային խմբի գործունեության ձևաչափը և աշխատակարգը որոշվի հենց խմբի կողմից,
3. հստակեցվի, թե ինչ իրավական հետևանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները և ինչ չափով են հաշվի առնվելու հասարակական կազմակերպությունների փորձագետների կողմից կատարված առաջարկությունները:
Պաշտպանի աշխատակազմ