Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանի ամուսինը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 8-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենան և 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի ԱԱ 008 համարանիշի մոտոցիկլետը:
Վթարի հետևանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներ է ստացել և բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Հարությունյանը աշխատում է Մաքսային պետական եկամուտների կոմիտեում, ով ի դեպ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինն է: