105 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ, իսկ ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է սահմանվել:
Անդրադառնալով թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում եւ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է համապատասխանաբար 110 եւ 168 հեռախոսազանգ: Հեռախոսազանգերի միջոցով բարձրացված ընդհանուր առմամբ 191 հարցի համապատասխան լուծում է տրվել, 87-ն էլ ընթացքի մեջ է:
Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ փողոցներում, ինչպես նաեւ բակային տարածքներում տնկված ծաղիկների քանակը պարբերաբար լրացվում եւ թարմացվում է:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները չկատարած 105 տնտեսվարող նախորդ շաբաթ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Հանձնարարվել է բոլոր ջրային կառույցներում մշտական հսկողություն իրականացնել երեխաների լողալը հնարավորին արգելելու եւ սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Կոմունալ տնեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքները:
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ, համաձայն ծրագրի, առաջնահերթության կարգով նորերով են փոխարինվում վթարված հենասյուները: Ընդհանուր առմամբ, մինչ օրս մայրաքաղաքում փոխարինվել է 298 հենասյուն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն