Կայացավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Այսօր կայացավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որի համանախագահներն են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն է նպաստել երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների միջև:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:
Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքներ են իրականացվում սերմացուի և տնկանյութի փոխադարձ ներկրումներ իրականացնելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ՛՛Հայկական միրգ՛՛ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են նաև Ռումինիայից Հայաստան սալորի նոր սորտեր ներկրելու հնարավորությունները:
Նիստի ընթացքում նշվեց, որ ակտիվ համագործակցություն է իրականացվում երկու երկրների մշակութային ոլորտում: Բուխարեստի Հայ մշակութային կենտրոնում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան և հայ գրատպության 500-ամյակին:
Համագործակցություն է ստեղծվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև, ներկայացվել են ՀՀ ներդրումային հնարավորությունները։