23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ապահովում են հիմնական ներդրումային փաթեթը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության և գիտության  ոլորտներում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը  թվով 44-ն են:

Ամենամեծ  ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը կազմում է 37,5 մլն. դոլար.  Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է  30 մլն. դոլար և 7,5 մլն.  դոլար ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար:

ԿԳ նախարարն առանձնացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը,  որն իրականացվում է 2010 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և  ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ. «Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին. այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն. դոլար:

Կրթության ոլորտում իրականցված մասնավոր ներդրումներից ԿԳ նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող  շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն.  դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակները աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության  համար՝  1,3 մլն  դոլար:

Նախարարի խոսքով՝ լավագույն ծրագրերից է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, որն իրականցվում է  Չինաստանի կառավարության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծավալը` չինական կողմից` 10մլն  552 հազար դոլար է կազմում, իսկ ՀՀ կառավարության կողմից` 2 մլն  474 հազար դոլար:

Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից՝ Վանաձորում կառուցում են SMART կենտրոններ, որտեղ  լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016 թվականին կատարված ներդրումները կազմել են 1, 7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2,8 մլն դոլար:

Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով` մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4,4 մլն  դոլարի ներդրում:

Ամենամեծ ծրագրերից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում USAID/ASHA-ի աջակցությամբ ուսանողական հանրակացարանի կառուցումն է` ծրագրի ընդհանուր արժեքը` 999 հազար դոլար:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ 2017 թվականին պետք է ուժեղացնել նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել. «Այստեղ  լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ օրինակ ԵՊՀ-ն իր ընդհանուր բյուջեի 10-12 տոկոսն է հատկացնում գիտական ծրագրերին, որը  համալսարանի զարգացումն ապահովելու համար բավարար ցուցանիշ չէ:

Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում  իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրոււմը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է  Շվեյցարիայի /Paul Scherrer Institut (PSI)/, 9,5 մլն դրամ, Գերմանիայի կողմից,  2017թ-ին՝ ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ