09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սանկտ Պետերբուրգում “Երեւանի օրերի” մշակութային ծրագիրը հագեցած է

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին անցկացվող Երեւանի օրերի շրջանակում պետերբուրգյան արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն է ունեցել մեկ անգամ եւս անմիջականորեն շփվելու հայկական մշակույթին: Պետերբուրգում Երեւանյան օրերի մշակութային ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայկական պատվիրակության անդամների հետ այցելել է Կրոնի պետական թանգարանում բացված պետերբուրգցի հայտնի հայ գեղանկարիչ Զավեն Արշակունու “Լույս երկնային” խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետի ասվածածաշնչյան թեմաներով շուրջ 30 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ. “Այս ցուցահանդեսը, ինչպես նաեւ մշակութային մյուս միջոցառումները հրաշալի հնարավորություն են մեր բարեկամներին ներկայացնելու ոչ միայն դարերի պատմություն ունեցող հայկական մշակույթը, այլեւ դրա մերօրյա դրսեւորումները: Նմանատիպ միջոցառումները նաեւ առիթ են միմյանց ավելի լավ ճանաչելու ու հասկանալու եւ, դրանով իսկ, ինքնատիպ խթան են բարեկամ քաղաքների փոխգործակցության համար”,- նշել է Արամ Սուքիասյանը:  

Մշակութային ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Ռայկինի անվան թատրոնի բեմում ներկայացվել է Արմեն Վաթյանի “Ինտիմ չառաջարկել” ներկայացումը, որը հանդիսատեսին հայտնի է նաեւ “Պետերբուրգյան սինդրոմ” անունով: Հայ տղայի եւ պետերբուրգցի աղջկա սիրո մասին պատմող ներկայացումը բեմադրել է “Արտ-Պիտեր” պրոդյուսերական կենտրոնը՝ Սանկտ Պետերբուրգում Երեւանի ներկայացուցչության անմիջական աջակցությամբ:

Երեւանյան պատվիրակության անդամները, Սանկտ Պետերբուրգում Երեւանի ներկայացուցչության անդամների հետ միասին,  մասնակցել են նաեւ պետերբուրգյան բուհերի ղեկավարների հետ կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվել են գիտակրթական, ինչպես նաեւ փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր:

Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի բեմում տեղի է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգին ներկա են եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երեւանի պատվիրակության եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամներ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ