23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսական մասնագիտությունները` ՄԿՈՒ ոլորտի առաջնահերթություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Աղբալյանը: Նա խորհրդի անդամներին ներկայացրել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում օգտագործվող ուսումնական ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ընտրության ու փորձաքննության, պետական կրթական չափորոշիչների մշակման և աշխատանքային խմբերում փորձագետների ընտրության նոր ընթացակարգերը, որոնք հաստատվել են ԿԳ նախարարի հրամանով: «Նոր ընթացակարգերը մեկ նպատակ են հետապնդում՝ սահմանել միասնական սկզբունքներ և հստակեցնել չափանիշները, թե ովքեր կարող են ընդգրկվել չափորոշիչներ մշակող խմբերում և ինչ մոտեցմամբ են ընտրվելու մշակման ենթակա  ձեռնարկների ցանկերը: Փորձել ենք իրավական կարգավորմամբ սահմանափակել որակական պահանջներին չհամապատասխանող մասնագետների ներգրավումն այս գործընթացում: Կարծում եմ այս փոփոխությունները կնպաստեն ՄԿՈՒ չափորոշիչների, հետևաբար նաև կրթության որակի բարելավմանը»,- նշել է Ա. Աղբալյանը: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրին, որը համագործակցության նոր ծրագիր է՝ ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև. «Սա 2007 թվականից մեկնարկած 12 տարածաշրջանային քոլեջների հիմնադրման ծրագրի տրամաբանական շարունակությունն է: 2017 թվականի հունվարից մեկնարկած նոր ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսական քոլեջների աջակցություն և ագրոմասնագիտությունների հզորացում»,- նշել է Ա. Աղբալյանը՝ հավելելով, որ ոլորտի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության առաջարկությամբ և սահմանած առաջնահերթությամբ, ինչպես նաև ԵՄ-ի համար նախընտրելի մոտեցմամբ: ԵՄ աջակցության նոր ծրագրով թիրախային են դիտարկվելու 8 գյուղատնտեսական քոլեջներ: Ակնկալվում է, որ 2020 թվականին՝ ծրագրի ավարտից հետո ՀՀ կրթական համակարգը կունենա գերազանց վերանորոգված և տեխնիկապես վերազինված ուսումնական հաստատություններ, որտեղ կարող են պատրաստվել մրցունակ ագրոմասնագետներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վերանայում և մշակում (2017 թվականի համար նախատեսված է մոտ երեք տասնյակ չափորոշիչների մշակում և վերանայում), դասավանդողների վերապատրաստում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացում: Ծրագրի հիմնական նախապայմաններից մեկը ՄԿՈՒ հաստատություններում սովորողների պրակտիկաների կազմակերպման արդյունավետության բարձրացումն ու սոցիալական գործընկերության ընդլայնումն է: Այս հարցում ակնկալվում է գործատուների հետ համագործակցության ակտիվացում և ընդլայնում: Որպես առաջին քայլ ԿԳՆ-ն պատրաստվում է ՄԿՈՒ ոլորտում նոր սոցիալական գործընկերության հայեցակարգի պատրաստում: Ծրագրի նախապայման է դիտվում նաև բոլոր հաստատություններում կարիերայի կենտրոնների ստեղծումը: ԵՄ նոր ծրագրի առնչությամբ ՄԿՈՒԶԱԽ-ի անդամները մի շարք հարցեր են բարձրացրել, մասնավորապես «դուալ»՝ կրթություն (աշխատանքի վրա հիմնված ուսուցում) կազմակերպելու և նախկինում իրականացված ծրագրի մոնիթորինգ կատարելու առաջարկությամբ:

Նիստի ընթացքում ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնկատարը ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին է ներկայացրել 2017 թվականին մշակման ենթակա թվով 12 կրթական չափորոշիչների, ինչպես նաև նախկինում մշակված և 2017 թվականին վերանայման ենթակա թվով 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ցանկերը: Մասնագիտությունների ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունները, մասնավորապես ՀՀ մարզպետների կողմից արդեն ներկայացվել են մարզերի զարգացման ներդրումային ծրագրերը, որոնք հիմք ընդունելով որոշվել են հեռանկարային մասնագիտությունները՝ կարևորելով այդ ուղղվածության չափորոշիչների արդիականացումն ու մշակումը: Այստեղ նույնպես հիմնական շեշտը դրված է գյուղատնտեսական մասնագիտությունների չափորոշիչների վրա: Ցանկի վերջնական հաստատումը կկատարվի, հաշվի առնելով նաև գործատուների միություններ ներկայացնող  կազմակերպությունների առաջարկները: ՄԿՈՒԶԱԽ-ի կողմից հավանության է արժանացել նաև 2016 թվականին հայտագրված և 2017-ին մշակման ենթակա թվով 15 ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ցանկը, որտեղ ներառված են նաև գործատուների շահերը ներկայացնող կազմակերպությունների առաջարկությունները: Նիստում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ