Պաշտոնական Ստեփանակերտը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղարին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Թիլերսոնը կխթանի ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերը՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական ու խաղաղ կարգավորմանը։
Արտաքին գործերի նախարարը նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կողմից Արցախի Հանրապետությանն ու նրա ժողովրդին ցուցաբերվող օժանդակության համար։
«Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը՝ ժողովրդավարական ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի, ինչպես նաև կայուն և խաղաղ Հարավային Կովկասի տեսլականի հիման վրաե,-ասված է Կարեն Միրզոյանի շնորհավորական ուղերձում։