Կկարողանա չոր դուրս գալ Նարեկ Սարգսյանը. Հայոց աշխարհ
Օրերս տեղեկատվություն տարածվեց, թե “Թրանսփարենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր` կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման եւ նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:
“Հայոց աշխարհ”-ը հիշեցնում է, որ դեռ 2013-ի փետրվարի 26-ին ԹԻՀԿ-ն գլխավոր դատախազությանը ներկայացնում է գրավոր հաղորդում հանցագործության մասին՝ նշելով, որ Երեւանի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացը հիմնականում սկիզբ է առել եւ հատկապես մեծ չափով իրականացվել գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ու նրա անմիջական մասնակցությամբ:
Կենտրոնը գլխավոր դատախազության ուշադրությունը սեւեռել էր հետեւյալ հանգամանքների վրա. առաջին, որ պատմական մշակութային հուշարձաններ քանդելը քրեորեն հետապնդելի արարք է` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված: Երկրորդ, Նարեկ Սարգսյանի գործողություններում արդյոք չկա՞ն պաշտոնական դիրքի չարաշահման` 308-րդ հոդվածով նախատեսված դեպքեր:
Վերջերս Կենտրոնը հերթական բացահայտումն արեց, որ այսօր եւս Նարեկ Սարգսյանը զբաղված է պատմամշակութային հերթական հուշարձանի ոչնչացմամբ. խոսքը Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի մասին է, ուր փակցված ցուցանակն արձանագրում է` տարածքում կառուցվում է 10 հարկանի հյուրանոցային համալիր: Այս մասին եւս ԹԻՀԿ-ն տեղեկացրել է գլխավոր դատախազությանը:
Եվ այսպես. ի՞նչ ճակատագրի են արժանացել կենտրոնի` գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդումները: Նախ՝ ապրիլի 8-ին վերջինս այն վերահասցեագրում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազությանը, սակայն գրության մեջ նշվում է միայն հետեւյալը` քննության առնել ԹԻՀԿ-ի դիմումը ԱՕԿՍ-ի շենքի հարակից տարածքների քանդման վտանգի մասին, եւ ոչ մի խոսք Նարեկ Սարգսյանի պաշտոնի չարաշահման կամ հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների մասին:
Չբավարարված գլխավոր դատախազության քայլերով, ԹԻՀԿ-ն հունիսի 1-ին հերթական դիմումն է ուղարկում գլխավոր դատախազին՝ խնդրելով առաջին հաղորդումը քննության առնել ողջ ծավալով եւ ուշադրության արժանացնել հենց գլխավոր ճարտարապետի գործողությունների իրավաչափությունը:
Վերջապես, գլխավոր դատախազությունը ԹԻՀԿ-ի ամբողջական դիմումն ուղարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, ինչին էլ անմիջապես հաջորդեց վերոնշյալ տեղեկատվությունը, այն, որ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Չուշացան, սակայն, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատուի պարզաբանումները: Անահիտ Եսայանը, հակադաձելով ԹԻՀԿ-ին, նշում է, թե Նարեկ Սարգսյանը չէր կարող չարաշահել իր պաշտոնը, քանի որ նրա “հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է 2004-2008 թվականներին, երբ նա որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում` 2004-ին է ստեղծվել “Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: