09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հուլիսի 1-ից մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը

Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացի մանրամասները: Ծառայությունը մատուցող  “Փարկինգ Սիթի Սերվիս” ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաեւ ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով,  որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների  վերահսկողությունը կիրականացվի նաեւ շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով:

Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչեւ 5 րոպե տեւողությամբ կանգառ կատարելու դեպքում: Երեւանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչեւ մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաեւ՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 եւ 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Վարորդը  պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի եւ ավարտի մասին: Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաեւ բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այս փուլում առայժմ կարգավորվում է գլխավոր եւ երկրորդական փողոցների բանուկ մասերում ավտոկայանատեղիների կազմակերպումը: Հենրիկ Նավասարդյանն ընդգծել է, որ այսուհետ թեւկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն:

Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ ընդգծել է, որ “Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին”  ՀՀ օրենքը կիրառվելու է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում:  Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն էլ հավելել է, որ առեւտրային գործունեություն ծավալող ընկերությունների հարակից տարածքները համայնքապատկան են եւ նույնպես կարգավորվում են տվյալ օրենքով, ընդգծելով սակայն, որ վճարովի  կանգառների տարածքներում եւս վարորդները պարտավոր են պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, ի մասնավորի`կանգառ կատարել գծանշմանը համապատասխան: Արգելվում է նաեւ կանգառ կատարել կայանատեղիին հարակից 2-րդ երթեւեկելի գոտում, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է: Վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման եւ ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է: Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը եւ նաեւ կայանատեղիները  տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որեւէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ