ՀՀԿ-ում «պահեստային տարբերակ» ունեն
«Հաշվարկները լավագույնս կարվեն հենց ՀՀԿ-ում: Ես կասեմ իմ տպավորությունները. Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում կարևոր դիրք է զբաղեցրել. նա կարևոր աշխատանք է կատարել ոչ միայն ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու, այլև կազմակերպչական, շտաբային աշխատանքների հարցում: Կարծում եմ՝ ՀՀԿ-ում պետք է այսպես ասած՝ համապատասխան մեկ այլ անձ գտնեն՝ տվյալ աշխատանքները կատարելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Վերջինս ընդգծեց՝ ՀՀԿ-ում այժմ սերնդափոխություն է ընթանում, ու Հովիկ Աբրահամյանի ծառայություններն այդքան էլ պահանջված չեն:
«Ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ում «պահեստային տարբերակ» ունեն, դրա համար էլ հանգիստ հրաժարվել են Աբրահամյանի ու նրա մտերիմների ծառայություններից, ծառայություններ, որոնք իրականացվում էին, բայց հետո հենց նույն Հովիկ Աբրահամյանի կողմից կոչվում էին արջի ծառայություններ: Հենց սրանից է փորձում ձերբազատվել ՀՀԿ-ն, քանի որ մենք տեսնում ենք՝ ՀՀ-ի համար չափազանց կարևոր են դառնում հարաբերություններն արևմուտքի հետ, իսկ նման ռեսուրսով ու նման մեթոդներով, նման որակի ընտրություններ կազմակերպող կորիզով ներկայանալը լուրջ պրոբլեմների կարող է հանգեցնել: Ամեն դեպքում, իմ տպավորությամբ, այժմ ամեն ինչ վերահսկվում է ՀՀԿ ղեկավարության կողմից», – նշեց Ռուբեն Մեհրաբյանը: