‘Տեսաք, ոչ մի բան էլ չկարացան անեն` ես իմ ձեւով հարցը լուծեցի
Henaran.am-ի լրագրող Լուսինե Ղազարյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, նրա որդու նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանի նկատմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Գործի կարճման որոշման մեջ ասվում է` Լուսինե Ղազարյանը միջամտել է երեխաների վեճին, Արկադի Մկրտչյանն էլ անպարկեշտ բառեր է ասել նրան, որից հետո Լուսինե Ղազարյանը բարձրացել է սպայի տուն, որ պարզի ամեն ինչ, քանի որ վիրավորվել է սպայի բառերից:
Լուսինե Ղազարյանը չի պատրաստվում զիջել: Նրա խոսքով, սպան հայտարարում է, թե՝ “տեսաք, որ ոչ մի բան էլ ինձ չկարացան անեն, ես իմ ձևով հարցը լուծեցի, էդպես էլ պետք է լիներ:
Ի դեպ, պաշտպանության նախարարությունում սկսվել է ծառայողական քննություն: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գլխավոր շտաբում դեռ հետազոտում են փաստերը: “Սպան կանչվել է նախարարություն, լսել են նրա տեսակետը: Գործի ավարտից հետո կտեղեկացնենք նախարարության որոշումը”,-ասաց խոսնակը:
Լուսինե Ղազարյանը սպասում է քննության ավարտին, որից հետո բաց նամակով կդիմի Պաշտպանության նախարարին: Նրա նպատակն է, որ նման սպաները տեղ չունենան հայոց բանակում: