Տատիկին արգելեցին համբուրել թոռանը. Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ/ֆոտո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի» գործով դատավարությունը:
Նիստի ընթացքում , որպես վկա ներգրավված Նարեկ Սադոյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արմինե Մնացականյանը եւս գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:
Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. «Գոյություն չունեն նման հոդվածներ, որոնք վերագրվում են ինձ: Սա քաղաքական պատվեր է: Պահանջ ունեմ, որ դադարեցվի այդ ապօրինի քաղաքական հետապնդումն իմ հանդեպ»:
Անի Հովհաննիսյանը դատավորին դիմեց հարցով . «Ինչո՞ւ են վկաների ցուցմունքները խեղաթյուրվում: Քննիչը ներկայացրել էր տվյալներ, որոնք այդ մարդիկ չեն ասել իրենց ցուցմունքներում»:
Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը սահմանեց, որ սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կզննվեն իրեղեն ապացույցները, ապա կհարցաքննվեն Տիգրան ՈՒրիխանյանը եւ «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչը, վերջում՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:
Դատարանը մերժեց Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մոսին:
Ըստ Սիմոնյանի` Անի Հովհաննիսյանն անօրինական է մնում կալանքի տակ, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել է դեռեւս հունվարի 28-ից, որից հետո այն չի երկարացվել:
Անի Հովհաննիսյանի տատը ցանկանում էր համբուրել թոռանը, սակայն նրան թույլ չտվեցին մոտենալ:
Նշենք, որ դատական առաջին նիստն այսքանով ավարտվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 16-ին: