Տկլոր աղջիկների փոխարեն՝ քյանդրբազ /վիդեո/
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի կայք-էջի, երկարամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին եւ նշել, որ վերջին շրջանում մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում եւ նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:
Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերում ներառվել էր համապատասխան միջոցառումների կազմակերպման ծրագրեր, սակայն, ելնելով տնտեսական իրավիճակից` ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության բնագավառի նոր նախաձեռնությունների համար պետբյուջեի կողմից ֆինանսական հավելյալ միջոցներ չեն տրամադրվել:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կողմից պատրաստվել է համապատասխան առաջարկության փաթեթ Վ. Հակոբյանին մշակույթի վաստակավոր գործչի կոչում շնորհելու համար, որը սահմանված կարգով, 2013 թ. սեպտեմբերին կներկայացվի ՀՀ կառավարություն, իսկ միջոցառումներ կազմակերպելու դեպքում էլ` պատրաստակամ են նրան ներգրավել դրանցում:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Վլադիմիր Հակոբյանը մասնակցում էր “Ժառանգության” հանրահավաքներին:
Նա Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ մի պայմանով է գալիս հրապարակ: Այն է, որ Րաֆֆին դառնա նախագահ իրեն մշակույթի վաստակավոր գործչի կոչում տա: “Թե չէ տկլոր աղջիկներին է մշակույթի նախարարը կոչում տալիս”,-ասել էր նա:
Առաջարկում ենք նաեւ դիտել Henaran.am-ի տեսանյութը: