Ռազմավարական գործընկերը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին. ՀՀ ՊՆ
՛՛Ադրբեջանի սպառազինությունը մեզ չմտահոգել չի կարող, բայց գիտենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը մենք կարողանանք պահպանել՝ ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունների շնորհիվ և այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաև մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանին չի անհանգստացնում այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:
՛՛ՌԴ-ի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությունների մեջ և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ մենք շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցրինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնենք մեր ռազմատեխնիկական համագործակցությունը: Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունաբերության և ՌԴ-ի արդյունաբերական ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու համար, միմյանց հետ երկկողմ կազմակերպությունների ստեղծման ուղղությամբ:
Այնպես որ իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, մենք բազմիցս խոսել ենք այն իրավիճակի մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացնում է սպառազինությունների ձեռքբերման, այդ մրցավազքի մեջ մեզ ներքաշելու ուղղությամբ և մենք հենց այնպես կուրորեն չենք ներքաշվում, և մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում՛՛,-եզրափակեց Սեյրան Օհանյանը: