”Ինձ զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանն ու շնորհավորեց” /ֆոտո/
Երեկ` հունիսի տասնինին Երվանդ Երզնկյանը դարձավ 66 տարեկան: ArmStar.am-ը շնորհավորեց մաեստրոյին ծննդյան օրվա կապակցությամբ և փոքրիկ զրույց ունեցավ նրա հետ: ”Ծննդյանս օրը շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կողմից: Երեկ ինձ շնորհավորել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, կոնսերվատորիայի իմ գործընկերները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Երեկոյան ընկերներիս ու բարեկամներիս հետ մի փոքրիկ հավաքույթ ունեցանք”,-նշել է մաեստրոն:
Զրույցի ընթացքում նա հայտնել է նաև, որ չի սիրում, երբ հավաքույթների կամ ծննդյան արարողությունների ժամանակ կենդանի նվագակցություն է լինում: ”Ես առհասարակ չեմ սիրում, երբ երաժշտություն է լինում խնջույքի ժամանակ, որովհետև դա փոքր մի առիթ է, երբ ընկերներով ուզում ենք նստել, զրուցել, ինչ-որ մի բան պատմել, իսկ երբ գնում ես ռեստորան, երաժշտությունը խանգարում է: Այս ժամանակ ավելի նախընտրելի է մագնիտաֆոնը: Երբ ցանկանում ենք պարել, միացնում ենք պարում ենք, երբ ուզում ենք զրուցել, մեզ ոչինչ չի խանգարում: Իմ ծննդյան օրը ինձ համար հանգտյան օր է: Այս օրը չեմ սիրում նվագել, քանի որ դա անում եմ ամեն օր, ծննդյանս օրը հենց դրանով է տարբերվում մյուս օրերից”,-ասել է Երվանդ Երզնկյանը:
Զրույցի ընթացքում մաեստրոն նշել է նաև, որ իր համար շատ հիշարժան էր անցած տարվա իր ծնունդը: ”Անցած տարի, երբ 65 ամյակս էր լրանում, ինձ զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանն ու շնորհավորեց, դա ինձ համար մեծ պատիվ էր, ես շատ շոյվեցի”,-ավելացրել է մաեստրո Երզնկյանը: