Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/
”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։
”Եթե այդ գործարքը շահավետ կլինի ՀՀ կառավարության համար, ապա կանենք, եթե ոչ, ուրեմն՝ չենք անի։ Որևիցե մեկը ոչ մեզ ստիպում է, ոչ էլ պարտադրում”,-նշեց նախարարը` հավելելով, որ բոլորի կարծիքն էլ հաշվի է առնվելու: Նախարարը կատակեց` ”նույնսիկ բարեկամների ու հարևանների կարծիքն է հաշվի առնվելու”:
Արմեն Մովսիսյանը մեկ անգամ լ վստահեցրեց, որ եթե անգամ ”Գազպրոմը” ”ՀայՌուսգազարդ”-ում ունենա 100 տոկոս բաժնեմաս, միևնույն է՝ դա ոչինչ չի փոխում որևէ առումով, քանի որ Հայաստանում էներգամատակարարման գործառույթները լիցենզավորված են, իսկ գազամատակարարման համակարգն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում, ուստի էական չէ, թե ով կլինի ”տերը”։
”Համակարգն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում: Այսինքն, նրա և աշխատանքը, և ֆինանսկան ամբողջ հոսքերը մեր կողմից են կարգավորվում: Դրա համար, թե ով կլինի 100 տոկոսի տերը, որևէ նշանակություն չունի: Պետք է աշխատի ՀՀ կողմից տրված լիցենզիայի սահմաններում և հանձնաժողովի կարգավորման դաշտում”,-ասաց նախարարը:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի գործարքը, որ մեզ համար շահավետ համարվի, Մովսիսյանը պատասխանեց. ”Չկա այնպիսի մի սահմանագիծ, որ ասենք՝ այստեղից անցնի… Դա կոմպլեքս խնդիր է, գազամատակարարումը միայն գազի սակագինը չէ: Մեծ խնդիրներ են, բոլոր հարցերը կքննարկենք, եթե մեզ ձեռք կտա, կանենք”:
Իսկ ինչու է ”Գազպրոմ”-ը ձգտում ամբողջ բաժնեմասի տերը լինել: ”Իսկ ո՞վ է ասում, որ ուզում է,-հարցեց Մովսիսյանը: Նախարարի խոսքով` բանակցությունները կավարտվեն մինչև այս ամսվա վերջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը տեղեկացրել էր, որ ”Գազպրոմ” ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են ”Գազպրոմ”-ի մասնաբաժինը ”ՀայՌուսգազարդ” ընկերությունում ավելացնելու հարցը:
Մանրամասները` տեսանյութում: