25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տուրիզմը տնտեսության գերակա ուղղություն հայտարարելը դեռեւս բավարար չէ՛՛ ԱԺ փոխնախագահ

Հայաստանի հանրապետական Կուսակցության եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան օգնությամբ  Տուրիզմի միջազգային ակադեմիայի (Ռուսաստան) եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ` “Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն” երկրորդ գիտատուրիստական արշավի շրջանակներում անցկացվեց “Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին” երկաթուղային տուրը, որի մասնակիցները մեկնեցին Երեւան-Գյումրի-Վանաձոր-Ալավերդի-Երեւան երթուղով: Ծրագրին մասնակցեցին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները  ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ում էլ խնդրեցինք կիսվել մեզ հետ տպավորություններով.

– Պետք է ասեմ, որ  միջոցառման գլխավոր նպատակը վերնագրի մեջ արդեն զետեղված էր: Մասնակիցները երիտասարդներ էին, ուսանողներ, այդ թվում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ Մարշալ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները, Տուրիզմի միջազգային ինստիտուտի եւ Հանրապետական կուսակցության երիտթեւի ներկայացուցիչներ, իսկ դրսից մեր հյուրերն էին Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները: Սա բոլորի համար իսկապես մի յուրօրինակ հնարավորություն էր` շրջելու Հայաստանի գեղեցիկ ու պատմական վայրերով, ծանոթանալու մեր պատմամշակութային արժեքներին եւ խորացնելու շփումներն ու գիտելիքները ազգամիջյան հարթությունում, ինչը ես հատկապես կարեւորում եմ:

– Որո՞նք են ամենատպավորիչ զգացողությունները, որ ունեցաք ողջ երթուղու ընթացքում.

– Առաջինը` հրաշալի երիտասարդությունը, որը մասնակցում էր այս արշավին: Ավագ սերնդի բոլոր մասնակիցներս ուղղակի հիացած էինք  առաջին հերթին մեր ռազմական ինստիտուտների կուրսանտների պահվածքով: Բոլորն էլ բարեկիրթ, շրջապատի նկատմամբ ուշադրիր,  գիտելիքներով զինված, մշակույթից, պատմությունից քաջատեղյակ, ուսյալ երիտասարդներ էին: Վաղն այս երիտասարդները գնալու են ծառայության մեր զինված ուժերում, եւ վստահ կարող եմ ասել, որ նրանք  արժանի կլինեն  սպայի կոչմանը ու կապահովեն  բանակում բոլորովին այլ մակարդակ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր բանակ կարող է հպարտանալ նման երիտասարդ ապագա սպաներ ունենալով, եւ մտածում եմ, որ իզուր չեն մեր բանակի ղեկավարների ջանքերը , քանզի ունենք  նման կուրսանտներ: Ավագ սպայական կազմը եւս շատ պատրաստված ու պատրաստակամ էր, ամեն քայլափոխի իրենց սաների կողքին էին , անգամ պարի ու երգի ժամանակ,  եւ ոչ մի վայրկյան չէին կորցնում, որպեսզի իրենց սաներին մի նոր գիտելիք, մի նոր տեղեկություն հաղորդեն:

Առաջին մեր կանգառը Գյումրին էր, որտեղ ուրախությամբ նկատեցի, որ փոխվել է  քաղաքի դեմքը: Վերջին շրջանում մեր մամուլում անընդհատ գերակա էր տեղեկատվությունը այն մասին, որ քաղաքը անխնամ է, փողոցները համարյա անանցանելի, մինչդեռ մենք նկատեցինք, որ քաղաքում սկսվել են եւ կատարվում են ճանապարհաշինական  եւ բարեկարգման ծավալուն  աշխատանքներ, ինչը մեր մամուլը, սակայն, չի շտապում լուսաբանել: Այս առումով պետք է ասեմ, որ ցավոք մեր մամուլը առհասարակ չի շտապում  եւ չի սիրում արձանագրել որեւէ լավ բան: Մարզի ղեկավարների   հետ քայլելով քաղաքի փողոցներում`  նկատում էինք, որ փոխված էին նաեւ մարդկանց տրամադրությունները: Մարդիկ մեզ տեսնելով,հատկապես նկատելով փողոցում քայլող մարզպետին, նրա  դեմքի բարյացակամ  արտահայտությունը` մոտենում էին, խոսում տարբեր թեմաներից , բարձրացնում խնդիրներ, եւ նրանց աչքերում զգալի էր ոգեւորությունն ու հավատը դեպի դրական փոփոխությունները:

– Ըստ Ձեզ, նման միջոցառումները կարո՞ղ են տուրիզմի զարգացման եւ մեր երկրի մշակութային արժեքների ներկայացման համար էական նախադրյալներ ստեղծել.

– Մենք հրաշալի պատմամշակութային ժառանգություն ունենք, հատկապես Գյումրիում, եւ իսկապես կարիք կա, որ այդ ժառանգությունը աշխարհին ներկայացնելու համար գտնվեն լավագույն ճանապարհները: Աշխարհի բազմաթիվ քաղաքներ իրենց փոքրիկ մշակութային հնարավորությունները կարողանում են եւ’ ներկայացնել եւ’ օգտագործել որպես տուրիստական արտադրանք ու շահել դրանից, մինչդեռ Գյումրին, որ նման է երկնքի տակ մի մեծ թանգարանի, իր ուրույն կոլորիտով, ավանդույթներով, կենցաղով եւ մշակույթով, իր մեծ ,,փոքր կենտրոնով,, կամ  ,,հին քաղաքով՛՛ , որտեղ ամեն մի շինություն պատմական ու մշակութային արժեք է, եւ որին կնախանձեին շատ տուրիստական քաղաքներ,  կարիք ունի  արմատական լուծումների:  Շատ ուրախ կլինեի, որ  մեր պաշտոնյաները  եւ ոլորտի պատասխանատուներն ավելի սրտացավորեն  վերաբերվեին եւ համարձակ մոտեցումներ ցուցաբերեին ու լուծումներ առաջարկեին: Արշավի շրջանակներում մեր երիտասարդներն այցելեցին  Գյումրու մի շարք թանգարաններ, այդ թվում` Շիրազի, Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի անվան:

Վանաձորում, թեեւ փողոցներում եռուզեռ էր եւ անգամ կիրակի օրով բարեկարգման աշխատանքներ էին կատարվում, առանձնանում էր  վանաձորցիների զարմանքը՝ փողոցում քայլող մեծ թվով զբոսաշրջիկների տեսնելիս, ինչն էլ մտածելու առիթ տվեց, որ զբոսաշրջությունն այստեղ, այնուամենայնիվ,  այնքան էլ տարածված չէ: Իսկ ահա Ալավերդիում, ցավով հասկացանք , որ մեր ժամանակը շատ քիչ է`լիովին ծանոթանալու այս լեռնաշխարհի  մշակութային գանձերին: Եղանք Հաղպատում, Օձունում եւ  անգամ մեզ հետ եկած ռուսաստանցի հյուրերն, ի վերջո, արձանագրեցին, որ մեկ այցով հնարավոր չէ ամեն բան տեսնել ու ճանաչել եւ ցանկություն հայտնեցին նորից այցելելու:

Որպես ամփոփում նշեմ , որ այս ամենից հետեւությունը մեկը կարող է լինել` տուրիզմը պարզապես տնտեսության գերակա ուղղություն հայտարարելը` դեռ բավարար չէ, եւ պետք է լինեն ծավալուն ու հետեւողական քայլեր, միջոցառումներ` Հայաստանի գանձերը` որպես տուրիստական հետաքրքրություններ պրոպագանդելու համար: Այս այցի ընթացքում մենք համոզվեցինք , որ շատ քայլերի եւ կոնկրետ գործողությունների անհրաժեշտություն կա եւ մեր պատկան մարմինները շատ անելիք ունեն այս ուղղությամբ:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ