Իրավիճակը ԼՂ-ում բարդ է եւ կարող է պայթել. ԵԱՀԿ ներկայացուցիչ
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ եւ ցանկացած պահի կարող է պայթել` մասնավորապես կապված Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի հետ ավիահաղորդակցություն հաստատելու մտադրության հետ: Այդ մասին հայտարարել է սառեցված հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշիցան, գրում է “Regnum”-ը:
Նրա խոսքով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` երկկողմ հանդիպում կազմակերպելու ցանկություն չունենալը վտանգ է առաջացնում: Նա ընդգծել է, որ “նրանց ձեռքերն ազատ են եւ հնարավոր է անել այն, ինչ կցանկանան”:
Դեշիցան նշել է, որ Ուկրաինայի ներկայացուցչությունը ԵԱՀԿ-ում հանդես է եկել առաջարկությամբ`որքան հնարավոր է շուտ կազմակերպել 2 նախագահների հանդիպումը: Նա նաեւ շեշտել է, որ տարածաշրջանի կայունացմանը նպաստող գործոններ արդեն իսկ կան: Դրանց թվում նա նշել է նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը: “Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Կովկասում հանգիստ եւ խաղաղ լինի”,-նշել է նա` հավելելով, որ ՌԴ-ն համակարգող դեր ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու հարցում: