27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի ապագան` կախված Կարեն Կարապետյանից. Հայկական Ժամանակ

Երկու օրից տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, նիստին մասնակցելու է 1500 ԲՀԿ-ական: Միջոցառումն ավելի շատ համագումար է հիշեցնում: Դեռեւս անցյալ ամիս տեղեկություններ եղան, որ նոյեմբերի վերջին «Բարգավաճ Հայաստանը» համագումար կանի, որի ժամանակ էլ պաշտոնապես կարձանագրվի Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Խոսվում էր նույնիսկ կուսակցությունում հատուկ Ծառուկյանի համար նոր պաշտոն ստեղծելու մասին: Ըստ այդմ, նա պետք է դառնար ԲՀԿ խորհրդի նախագահ, իսկ ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը պետք է կրկին ընտրվեր իր պաշտոնում:

Համագումարի մասին խոսակցությունները ի հայտ եկան Գագիկ Ծառուկյանի շռնդալից բեմելից հետո` թե բա, եթե կարկառունները չեն կարողանում, ստիպված ես պետք է զբաղվեմ քաղաքականությամբ, կամ թող խնդրեն, որ Ծառուկյանը նորից նման ծանրության տակ մտնի եւ այլն: Այս բարձր խոսքերից հետո անցել է մեկ ամիս, բայց Ծառուկյանից լուր չկա: Պատճառը կարող է լինել այն, որ առայժմ մինչեւ վերջ հստակ չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի համար ինչ դերակատարում է մշակվում: Բազմիցս նշվել է, որ եթե ՀՀԿ-ում վստահ լինեն, որ առանց ԲՀԿ-ի, օրինակ դաշնակցության հետ իրենց ստացած ձայները միավորելու դեպքում կկարողանան խորհրդարանում մեծամասնության ձեւավորել, Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունը չի լինի:

Երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ն այդ դեպքում կմասնակցի ընտրություններին սեփական հնարավորություններով, առանց պետական աջակցության եւ կզբաղեցնի այնքան տեղ, որքան որ կզբաղեցնի: Հակառակ դեպքում Ծառուկյանը կվերադառնա, եւ նույն կինոն, որ տեսել ենք նախորդ խորհրդարանական ընտրություններում, նորից դիտելու դժբախտություն կունենանք: Ակնհայտ է, որ այս հարցում ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա, ինչով էլ պայմանավորված է Ծառուկյանի լռությունը:

ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստում թերեւս սույն թեմայով որեւէ միջանկյալ հայտարարություն կարվի, որը ոչ կազդարարի Ծառուկյանի վերադարձը, ոչ էլ կբացառի այն: Գուցե Ծառուկյանն անձամբ մասնակցի նիստին: Սա միայն նրա համար, որ անցյալ ամսվա հրապարակային ելույթներից հետո շատ երկար լռությունը կարող է տարօրինակ ընկալվել հենց կուսակցականների կողմից: Պետք է կուսակիցներին պարզաբանել` ի՞ նչ տեղի ունեցավ, ի՞ նչ պլաններ կան, հիմա վերադառնո՞ ւմ է իրենց ծանր քաշային առաջնորդը, թե՞ ոչ:

Ի դեպ, նախկին եւ ներկա ԲՀԿ-ականների արշավը դեպի ՀՀԿ արդեն սկսվել է: Նախկին ԲՀԿ-ական, ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Բազմասեր Առաքելյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ չէր բացառել, որ ինքն էլ կարող է ՀՀԿ մտնել: Ասել էր, որ այս հարցում մոտ 20 օրից հստակություն կմտնի: Ենթադրվում է, որ 20 օրվա մեջ որոշվելու է ԲՀԿ֊ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գագիկ Ծառուկյանո՞վ, թե առաց նրա: Ախոյանի եւ նրա նման բազմաթիվ այլ ԲՀԿ-ականների համար սրանից է կախված, թե իրենք ինչ կանեն կմնան ԲՀԿ-ո՞ւմ, թե կմտնեն ՀՀԿ:

Հարց է առաջանում, եթե մինչեւ հիմա դեռ պարզ չէ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կարիքը կա, թե ոչ, ինչու էր մեկ ամիս առաջ նա մեծ-մեծ խոսում այդ մասին: Հիշեցնենք, որ այդ օրերին միայն Ծառուկյանը չէր, որ վերադառնում էր: 2017-ի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն էր բացում նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Սեյրան Օհանյանի շուրջ ընդդիմադիր լուրջ բեւեռ էր ձեւավորվում: Սփյուռքահայերը քիչ էր մնում մասսայաբար հայաստանյան կուսակցություններին անդամագրվելու դիմումներ գրեին:

Հետո պարզվեց` Արա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի եւ ոչ կուսակցություն կբացի, ոչ էլ ընտրություններին որեւէ այլ ձեւով կմասնակցի: Սեյրան Օհանյանի պրոյեկտն օրակարգից դուրս եկավ: Սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, որ օրհասական էին համարում երկրի վիճակը, խաղաղվեցին: Հիմա արդեն պարզ է, որ այդ բումի շրջանում որոշվում էր Մոսկվայից դեսանտ իջեցված Կարեն Կարապետյանը կմտի՞ հանրապետական կուսակցություն, թե՞ իր համար այլ քաղաքական հենարան կստեղծի: Ու քանի որ այս հարցը արդեն հանգուցալուծվել է, Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունն էլ գուցե վերացել է: Ամեն դեպքում ցանկալի կլիներ, որ այդպես լիներ, որովհետեւ, ինչպես հիշում եք, մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ