Կարեն Կարապետյանը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ. Ժամանակ
Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թեւերից մեկը, իսկ գուցե նաեւ գլխավոր ազդեցիկ թեւը: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկարները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշուշոտ են:
Սակայն հարց է առաջանում, թե ինչ Են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թեւերը, որոնք բազմազան են: Վերջին հաշվով, ինչի շնորհիվ Սարգսյանը կարողացավ հաղթահարել Հովիկ Աբրահամյանի գործոնը, գոնե այս փուլում: Հենց ՀՀԿ թեւերի բազմազանության: Հովիկ Աբրահամյանը չկարողացավ կամ չհասցրեց միավորել դրանք եւ Սերժ Սարգսյանի դեմ ձեւավորել մեկ կուռ թիմ, որի պարագայում Սարգսյանին այլ բան չէր մնալու, քան հավատարիմ մնալ իր վարչապետ չառաջադրվելու մասին իր հայտնի հայտարարությանը, որ հնչեցրել էր 2014 թվականին: Սակայն նա արդեն երկու անգամ ըստ էության դե ֆակտո հրաժարվել է իր այդ հայտարարությունից` ասելով, որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրության արդյունքներից:
Այսպիսով` եթե Կարեն Կարապետյանը ժամանակավոր չէ, ապա ՀՀԿ տարբեր թեւերը պետք է ենթարկեցվեն Կարապետյանին: Սակայն առնվազն պաշտպանության նախարարի մասով ակնհայտ է, որ կա բավականին նկատելի տարբերակում, եւ այս իմաստով ոչ միայն հետաքրքրական էր այն, որ Վիգեն Սարգսյանը փաստորեն Վարեն Կարապետյանից առաջ հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, այլեւ ուշագրավ էր նաեւ ՀՀԿ համագումարում ԳՄ նոր կազմի մասով Սերժ Սարգսյանի բացթողումն ու հետո այդ կապակցությամբ արված կատակ-ակնարկը: Սարգսյանը մոռացել էր Վիգեն Սարգսյանի անունը, եւ հետո հարկ եղավ նրա անունը ԳՄ կազմի համար քվեարկել առանձին, եւ Սերժ Սարգսյանը կատակով արձանագրեց այդ փաստը` անկասկած ցանկանալով ընդգծել պաշտպանության նախարարի յուրահատուկ առանձին դերակատարումը այդ վերադասավորումներում:
Իսկ դա հիմք է տափս ասելու, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում պահպանելու է ներկուսակցական բազմաբեւեռությունը, եւ այդ պարագայում եթե անգամ Կարեն Կարապետյանը հանդիսանա գլխավոր բեւեռը, այդուհանդերձ նա չի ունենալու Սերժ Սարգսյանին որեւէ փաստի առաջ կանգնեցնելու հնարավորություն ինչպես Հովիկ Աբրահամյանը չունեցավ, թեեւ թվում է, որ ուներ անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ դրա համար: Իսկ եթե Կարեն Կարապետյանը չունի Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնցնելու հնարավորություն, կնշանակի
` նա ինքը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ:
Հետեւաբար քաղաքական ժամանակավորությունը պարզապես վերցվեց կուսակցական շրջանակների մեջ’ առավել կանխատեսելի լինելու համար: Դա ամենեւին չի նշանակում, որ Կարապետյանը հեռանալու է բոլոր դեպքերում: Իհարկե, ոչ ՀՀԿ շրջանակում, սակայն նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետ առաջադրվելու հարցը Սերժ Սարգսյանից դեռ լուծում է պահանջելու, եթե նա վերջնականապես մտադրվի գնալ դրան:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: