Պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Մասնակցել են ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ եւ ԳՇ վարչությունների պետերը:
Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. “Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա”:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ գրառման, նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Արմեն Մելքումյանը ձերբակալված է: