ԱՄՆ-ի հետախուզության ապագա պետը Թուրքիան անվանել է «իսլամիստական բռնապետություն»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը։ Նախատեսվում է, որ կգլխավորի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Պոմպեոն:
Թուրքական «birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Պոմպեոն արդեն ընդունել է նոր պաշտոնի առաջարկը: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նույն այդ Պոմպեոն Թուրքիան անվանել էր «իսլամիստական բռնապետություն»։
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Պոմպեոն, Twitter-ում գրառում կատարելով, պատասխանել էր թուրքական իշխանությունների հասցեին գովեստի խոսքեր ասած Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆին։
Պոմպեոն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Twitter-ի էջը կցելով գրառմանը, գրել էր․ «Իրանն էլ նույնքան ժողովրդավարական է, որքան Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը․․․ Երկուսն էլ իսլամիստական տոտալիտար բռնապետություն են»։