Նոր ճանապարհ` Երեւանից Ստեփանակերտ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանն ու Արցախը կապող երկրորդ ճանապարհի կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում:
Ինչպես հայտնի է, անցյալում ևս այդ ճաապարհը տարբեր նպատակներով օգտագործվել է, նույնիսկ տրանսպորտ է գործում, սակայն հաշվի առնելով տեղանքն ու ճանապարհի` գռունտային լինելու հանգամանքը, հասկանալի է, որ այն չէր կարող լուծել այն խնդիրները, ինչ ժամանակակից ասֆալտապատված ճանապարհը:
Այս ճանապարհի կառուցումը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի` Արցախը Հայաստանին կապելու առումով, այլ սոցիալական և տնտեսական առումով ակտիվություն է խոստանում նաև ճանապարհի մերձակա հատվածներում գտնվող համայնքներին: Միաժամանակ դժվար է անտեսել այդ ճանապարհի դերակատարությունը` տուրիզմի զարգացման տեսանկյունից, ինչը այս ոլորտի համար ևս նոր հորիզոններ կբացի, իսկ Մարտակերտի ու Քաշաթաղի շրջանի այդ հատվածը ներդրումների համար առավել բարենպաստ իրավիճակ կստեղծի:
Մեկ կարևոր դիտարկում ևս. այս ճանապարհի կառուցմամբ, ՀՀ և ԼՂՀ իշխանություններն իրենց դիրքորոշումն են արտահայտում, շահարկման թեմա դարձած «այդ շրջանների վերադարձման հարցում» ունեցած մոտեցումների մասին: Ի վերջո, մանավանդ արտաքին քաղաքականության հարցում (մասնավորապես ԼՂ հարցում), փորձագետներն ու շարքային քաղաքացիները կարող են բաց տեքստով ներկայացնել իրենց տեսակետը, իսկ իշխանությունների դեպքում` այն առավելապես դրսևորվում է իրականացված քայլերի ու վարած քաղաքականության ձևով:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է ներկայացրել ֆեյսբուքյան հանրագրում
Հիշեցնենք, մայիսի 30-ին “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը տեղեկացրել է, որ կառուցվելու է Վարդենիս–Մարտակերտ 114 կմ երկարությամբ ճանապարհ, որի շնորհիվ հնարավոր կլինի Երևանից 3 ժամում հասնել Ստեփանակերտ: