Բնականաբար, մուծելու ենք տուգանքը. Արմեն Աշոտյան
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մուծելու են տուգանքը:
”ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը:
Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքսել են դա:
Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք:
Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին:
Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը:
ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ”,-գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր Սարդարապատ մեկնելու ճանապարհին Ակնալիճ վարչական շրջանում տեղադրված արագաչափը արձանագրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota Corola մակնիշի 002 ՕՕ 01 և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող Volksvagen Tuareg մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաների խախտումը, որոնց վարորդները նշված տրանսպորտային միջոցները վարում էին մեծ արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնել են, որ բացառվում է, որ նրանք վարչական պատասխանատվության չենթարկվեն, քանի որ տուգանքի կտրոնը ուղարկվելու է ըստ հասցեատիրոջ, իսկ Toyota Corola համարանիշները հաշվառված է ԱԺ-ի հաշվեկշռում, իսկ Volksvagen Tuareg-ի համարանիշները՝ ԿԳՆ-ի հաշվեկշռում: