Կրկին հակակարկտակայանների բացակայություն. մոտ 30-50 % վնաս Լոռու մարզում
Լոռու մարզի մի քանի գյուղերում կարկուտի հասցրած վնասները դեռ պարզ չեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:
Նա հայտնեց, որ արդեն երկու օր է, որ այցելում են այդ տարածքներ, ուսումնասիրում են վնասները: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ՝ համայնքում հանձնաժողով է կազմվել՝ վնասի չափը որոշելու համար:
՛՛Նախարարը հանձնարակական է տվել, որպեսզի չափերը պարզենք, ակտավորենք ու ուղարկենք գյուղ.նախարարություն՛՛,-ասաց նա: Նշենք, որ Կարապետյանը Լոռու մարզ այցելության ժամանակ ասել էր, որ վնասի չափը 30-50 % է: Հակոբյանը ևս համաձայնեց, որ մոտավորապես այդքան են վնասի չափերը:
Նա տեղեկացրեց, որ հիմնականում վնասվել են կարտոֆիլի, բանջարեղենի, ցորենի դաշտերը: Այս տարածքն առատ է կարտոֆիլով, և այս տարի արդեն նախորդ տարվա նման առատ բերք չի լինի, սակայն Հակոբյանը հույս ունի, որ բերք կլինի:
Նրա խոսքով` դեռևս պարզ չէ նաև, թե արդյոք փոխհատուցում կլինի գյուղացիներին կամ որևէ այլ օգնություն:
Նշենք, որ կարկուտը հատկապես վնասներ է հասցրել Ամրակից, Լեջան և Ագարակ համայնքներում, որտեղ հակակարտակայաններ չկան: Հակոբյանն ասաց, որ Լոռու մարզում ընդհանուր ութ հակակարտակայան կա, սակայն քանի որ եղածները հեռու են այդ տարածաշրջանից, դրանք չեն կրակել:
”Այս տարածաշրջանում վեց հատ ունենք, բայց մոտիկ չեն էլի, ամեն մի հակակարտակայանը 70-80 հեկտար է վերցնում, որը ահագին հեռու է:
Ուրախ կլինենք, եթե ավելացնեն. այդ տարածաշրջանում պետք է անպայման, քանի որ ամեն տարի այդտեղ լինում են կարկուտներ”,-նշեց նա:
Վարչության պետը շեշտեց, որ նախանցյալ տարի էլ կարկուտն այստեղ մոտ 30%-ով վնաս է հասցրել:
Հավելենք, որ վնասի չափը մոտ երկու օրից արդեն պարզ կլինի: