23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

British Petroleum-ը, Statoil-ը նոր բրեյվիկներ են բուծում

 

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան` հղում կատարելով 1983թ. Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային, Ադրբեջանին հանձնեց այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին, ով հայազգի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ձերբակալվել եւ ցմահ ազատազրկման  էր դատապարտվել: Ընդ որում, Սաֆարովն ու Մարգարյանն իրենց անձնական նախասիրությամբ չէ, որ հայտնվել էին Բուդապեշտում: Նրանք ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացների մասնակիցներ էին եւ ներկայացնում էին համապատասխանաբար Ադրբեջանն ու Հայաստանը:

Սաֆարովին Բաքու վերադարձնելուց հետո Ադրբեջանի նախագահն արագացված կարգով հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովի ներման մասին՝ էթնիկ հողի վրա Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարած ոճրագործին ազատություն շնորհելով: Ալիեւյան վարչախմբի կողմից դրան հետեւեց նաեւ Սաֆարովին զինվորական, սոցիալական եւ այլ արտոնությունների ու երաշխիքների տրամադրման գործընթացը, որն իր մեջ ներառում էր այնպիսի էական բաղադրիչներ, ինչպիսիք էին սպայական կոչման բարձրացումը, ազատազրկման մեջ գտնվելու տարիների հաշվմամբ զինվորական ծառայության դիմաց դրամական բավարարման փոխհատուցումը եւ այլն: Պաշտոնական Բաքվի կողմից նման քայլերը միանշանակ հաստատեցին այն կասկածները, որ Սաֆարովը քնած հայազգի սպայի նկատմամբ ծրագրավորված հանցավոր քայլերը իրականացնելիս շարժվել էր ադրբեջանական պետության ուղղորդված աջակցությամբ ու երաշխիքներով

Ցմահ դատապարտված ոճրագործին ազատ արձակելուց մեկ ամիս անց իսկապես էական է այն հարցի շուրջ քննարկումը, թե անպատժելիության ինչ հավատամքով էր շարժվում Ադրբեջանը, երբ ուղղակի ու անթաքույց հովանավորության տակ էր վերցնում մի մարդասպանի, որի քայլերն էին բարոյական արժեքների նկատմամբ ցինիկ արհամարհանքը (քնած անօգնական մարդու նկատմամբ ոտնձգությունը, նաեւ՝ գիշերը հայազգի երկրորդ սպային գտնելու ու սպանելու մոլուցքը) եւ հանցավոր գործողության առանձնակի դաժանությունը (կացնի 16 հարվածներով սպանություն իրականացնելը):

Եթե դեպքը լոկալ նշանակություն ունենար, ապա կարելի էր մտածել, որ իբրեւ էթնիկ քսենոֆոբիայի դրսեւորում` նման ձեւով կատարված հայատյաց գործողության (արմենոֆոբիա) հովանավորությունը ալիեւյան վարչախմբի համար ադրբեջանական ազգային ինքնագիտակցության ձեւավորման ու իշխանության պահպանման համար արդեն ընդունված քաղաքական գծի արտահայտությունն էր եւ, հետեւաբար, զերծ պատժվելու վախից:

Սակայն այս դեպքում գործ ունենք միջազգային հանրության սեւեռուն հայացքի ներքո տեղ գտած մի զարհուրելի ոճրագործության հետ: Դեպքը տեղի է ունեցել Կենտրոնական Եվրոպայում եւ համաշխարհային անվտանգության հիմնասյուն կառույցներից մեկի՝ ՆԱՏՕ-ի “Գործընկերություն հանուն խաղաղության»” ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ընթացքում ու միաժամանակ, որպես հետեւանք, առաջացրել է եվրոպական ընտանիքի մաս կազմող պետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզում արտաքին ու ներքին նպատակադրություններում ժողովրդավարական պետություն կառուցելու եվրոպական ուղղվածությունն առաջադրած Հայաստանի կողմից:

Կարելի է ենթադրել, որ սեփական անպատժելիության հավատամքում պաշտոնական Բաքվի հանցավոր ինքնավստահությունը գալիս է Ադրբեջանի արտաքին գործընկերների հետ ունեցած քաղաքական եւ, առավել եւս, տնտեսական գործակցությունից: Աշխարհաքաղաքական շահերի դիտանկյունից Ադրբեջանի արժեքը նրա էներգետիկ պաշարներն են (նավթի հետազոտված պաշարները կազմում եմ 7 մլրդ բարել, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.4%-ը, իսկ գազի պաշարները՝ 1.3 տրիլիոն խմ, ինչը կազմում է համաշխարհային պաշարների 0.6%-ը) եւ, հատկապես, աշխարհաքաղաքական դիրքը:

Վերջինս հնարավորություն է ընձեռում ավտորիտար կառավարմամբ այս երկրին ցանկալի գործընկեր մնալ ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների համար՝ Ռուսաստանի եւ Իրանի տարածաշրջանային հավակնությունները զսպելու, ինչպես նաեւ Արեւմուտքի՝ Կենտրոնական Ասիայի հետ փոխհարաբերությունները զարգացնելիս, նրանց հավակնոտ միջամտություններն ու արգելքները շրջանցելու գործում: Այս շահերի վրա հենվելով՝ ալիեւյան կլանն արդեն մեկուկես տասնամյակ է պետական քաղաքականություն է դարձրել նավթագազային արտահանումներից եւ տարանցիկ փոխադրումներից ստացված դոլարների միջոցով իր կոռումպացված ու հակաժողովրդավարական վարչախմբի պահպանումը եւ ադրբեջանական հանրության մեջ վախի սերմանումը արտաքին թշնամու ուրվականով: Ընդ որում, այդ նպատակի կենսագործմանը ծառայող հակամարդկային ձեռնարկումները (այդ թվում՝ աշխարհում եղած հայատյաց առանձին գործողություններին օժանդակելը կամ պարտակելը), ինչպես տեսնում ենք Սաֆարովի օրինակով, պաշտոնական Բաքուն խթանում է արդեն իր տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեպքերի շառավիղը, այսպիսով, հասել է Կենտրոնական Եվրոպա եւ սպառնում է լրջագույն խնդիրներ առաջացնել ոչ միայն երկրների միջպետական հարաբերություններում, այլ նաեւ նպաստել նոր ազգատյաց “Բրեյվիկների” ի հայտ գալուն, ասենք, բարեկեցիկ Նորվեգիայում կամ Շվեդիայում:

Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք քնած մարդուն կացնահարած զինվորականին հերոսացնող Ադրբեջանը, որի գործողություններից ապշած էր մնացել ԱՄՆ վարչակարգը (“Մենք ապշած էինք անձի հերոսացմամբ, որը դատապարտվել էր սպանության համար: Դա տարածաշրջանում իրական սադրանք է”,-ասել էր, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը), իր անպատժելիության հավատամքում չի սնուցվում հենց արտաքին աշխարհից: Չէ՞ որ ոչ միայն արեւմտյան տերությունների աշխարհաքաղաքական, այլեւ նրանց հզորագույն կորպորացիաների տնտեսական շահերն առավել են խլացնում եվրոպական երկրների քաղաքացիների ականջները:

Կարո՞ղ է շարքային եվրոպացին երբեւէ ենթադրել, որ իր կառավարության կամ իր երկիրը ներկայացնող խոշոր ընկերության թողտվությամբ ամեն օր սնուցվում է մի հրեշավոր մեքենա, որն այդուհետ պատրաստ է նորանոր Բրեյվիկ-Սաֆարովներ գործուղել բարեկեցիկ Եվրոպա՝ որեւէ հայի կյանքը խլելու հանձնառությամբ: Մի կառավարություն, որտեղ նա հարկային մուտքեր է կատարում՝ սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը պաշտպանված տեսնելու ակնկալիքով, եւ կամ մի կորպորացիա, որտեղ աշխատում է ինքը կամ իր բարեկամը, եւ որն Ադրբեջանում միլիոնավոր դոլարների ներդրում է կատարում:

Ի դեպ, Երեւանում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն բրիտանացիները, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում ներգրավված բրիտանական խոշոր ընկերություններից, մասնավորապես` “British Petroleum”-ից ստացած շահույթները Բաքուն նպատակամղում է երկրի ռազմականացմանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել էր. “Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հաշտեցման հասնելը բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի անվտանգության շահերից: Հենց այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան առեւտրային շահեր ունի այս տարածաշրջանում` նշանակում է, որ մենք նաեւ այստեղ խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու հստակ շահեր ունենք”:

Բրիտանացի դիվանագետի խոսքը, թվում է, անթերի է կառուցված: Սակայն, ի վերջո, հարց է մնում` առեւտրային շահե՞րն են առավել գնահատված, թե՞ տարածաշրջանի (կարելի է ավելացնել` նաեւ Եվրոպայի) խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու շահերը: Առավել եւս, որ ներկայում արեւմտյան խոշոր շատ ընկերություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն իրենց երկրների պետական բյուջեների կազմավորման գործում, զբաղված են Ադրբեջանին նավթադոլարներ մատակարարելով:

Վերցնենք, թեկուզ, բրիտանական «British Petroleum»-ը կամ նորվեգական “Statoil”-ը: Այս ընկերությունները մի կողմից Ադրբեջանի էներգետիկ նախագծերում տիրապետում են հսկայական ակտիվների (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Շահ-Դենիզ հանքավայրեր  եւ այլն), իսկ մյուս կողմից՝ եվրոպական երկրներում կարեւոր հարկատուներ են, ինչպես եւ ներդրումներ կատարողներ: Անդրազգային կորպորացիաներ կան, ինչպիսին է, օրինակ, հենց “Statoil”-ը, որոնք հայրենի տնտեսությունների փրկօղակներն են դարձել (նրա մուծումները կազմում են Նորվեգիայի բյուջեի 24%-ը) եւ, միաժամանակ, հսկայական ազդեցություն ունեն ադրբեջան-նորվեգական միջպետական հարաբերություններում: Այսօր “Statoil”-ը մեծությամբ երկրորդ ներդրողն է Ադրբեջանում եւ սեփական եկամտային հոսքերն անխափան աշխատեցնելու համար պատրաստ է անուշադրության մատնել ցանկացած հակաժողովրդավարական գործընթաց, որ կատարվում է Ադրբեջանում:

Նշված փաստարկները կարեւոր հարցադրում են առաջացնում՝ արդյո՞ք հենց British Petroleum-ը, Statoil-ը կամ Ադրբեջանում ներկայացված մյուս մեծ կորպորացիաները չեն Եվրոպայում նոր Բրեյվիկների բուծման պատասխանատուները: Ի դեպ, Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո եվրոպական կառույցների պատասխանատուները ընդամենը խոսում են հայկական կողմի վրդովմունքը կիսելու եւ ադրբեջանահունգարական գործարքի համար ափսոսանք հայտնելու մասին: Հավանաբար, դեռեւս ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Եվրոպայի համար անդրազգային կորպորացիաների ֆինանսական հոսքերը, ընդհանուր առմամբ, առավել ծանրակշիռ են եվրոպական արժեքներից:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ