Ինչով են պայմանավորված մահվան միջադեպերը բանակում
Այսօր ՀՀ զորամասերում հոգևոր ծառայություն են մատուցում 48 հոգևորական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Հոգևոր սպասավորներ կան հիմնականում սահմանային մեծ թվով զորամասերում, ուսումնական հաստատություններում:
Սրբազանն ասաց, որ կադրերի բացակայության պատճառով է, որ բոլոր զորամասերում չկան հոգևոր սպասավորներ: Հարցին, թե համակարծիք են, որ բանակում այսօր տիրում է ոչ նորմալ մթնոլորտ, ուր գողական կանոններն են իշխում, եպիսկոպոսը պատասխանեց.
՛՛Ես համակարծիք չեմ այդ մտքին, որ նման երևույթներն են տիրում բանակում, տիրում է այն ամենը, ինչ որ նախատեսված է բանակի համապատասխան չափորոշիչներով: Ես բանակը շատ լավ գիտեմ և տեսնում եմ նրա զարգացումը՛՛:
Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպի մասին. ՛՛Խոսքը հզոր ուժ է, այն շատ կարևոր է: Երեք հոգի դժբախտացավ մի հայհոյանքի պատճառով, քրիստոնեական եղբայրասիրությունը բացակայում է՛՛,-նշեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ չհերքեցլով, որ բանակում էլ բացթողումներ կան:
Նա կոչ արեց բոլորին չխոչընդոտել բանակի ղեկավարմանն՝ ասելով, որ այսօր ոլորտի ղեկավարը շատ լավ մտավորական է, և լավ անում է իր գործը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հավելեց, որ բանակում եղած մահվան ելքով դեպքերի պատճառը ոչ թե հսկողության բացակայությունն է, այլ բարոյականության ու արժեքային համակարգի բացակայությունը: