Մամեդյարովը բացահայտել է “Մադրիդյան սկզբունքների” էությունը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը “Независимая газета”-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմի հետ լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նրա խոսքով` կողմերը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրեն` դուրս գալու համար այն իրավիճակից, որում հայտնվել են:
Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը բացահայտել է Մադրիդյան սկզբունքների էությունը, որոնց շուրջ ընթանում է բանակցային գործընթացը: “Մեզ ֆիքսված ժամանակահատվածում վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները: Դրա փոխարեն հայկական կողմը, բացի անվտանգության երաշխիքներից, ստանում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը:
Ի հավելումն այդ ամենի` տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, բաց հաղորդակցություն, մարդկանց կենսամակարդակի լիարժեք վերականգնում, ինչն այնտեղ, որն Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն է, պարզապես բացակայում է:
Այդ ամենը հարկավոր է աստիճանաբար անել եւ հասկանալով, որ պետք է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, ինչն առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում, քանի որ այն մեր տարածքում է գտնվում` “մոխրագույն գոտի”: Եվ այդ հարցը պատրաստ ենք լուծել հայկական կողմի հետ”,-հայտնել է Մամեդյարովը:
Այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղն արդեն որոշել է իր կարգավիճակը, այն է `անկախություն, Մամեդյարովը նշել է, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: “Աբսուրդ է ստացվում` բոլոր ադրբեջանցիներին Ղարաբաղից վտարել են` նշելով, որ օգտվել են ազգի ինքնորոշման իրավունքից, իսկ ադրբեջանցիներն ազգ չե՞ն:
Ոչ ոք չի մերժում ազգերի ինքնորոշման իարվունքը, այն նաեւ ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնակարգում եւ Հելսինկյան ակտում նույն կերպ, ինչպես որ տարածքային ամբողջականության սկզբունքը: Անգործությունը վատթարացնում է իրավիճակը”:
Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներին, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա վտանգավոր է այնքանով, որ կողմերը կորցնում են իրենց կանխատեսելիությունը: