Մայքրոսոֆթն ամփոփում է 2 տարին
2013թ. մայիսին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը: Ընդամենը երկու տարվա ընթացքում Կենտրոնը հասցրել է ճանաչվել իբրև վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնումը հանդիսանում է հայկական ՏՏ ոլորտի վերջին շրջանի դինամիկ զարգացման տրամաբանական արդյունքը: Ոլորտի աճը, սեփական արտադրանքի ավելացումը և դրա ներկայությունը համաշխարհային շուկայում, վերազգային կազմակերպությունների հետաքրքրությունը և ներկայությունը Հայաստանում, երիտասարդների շրջանում ձեռներեցության ձգտումը և նորանոր ձեռնարկությունների հիմնումը հրամայական են դարձնում նմանատիպ միջավայրի գոյությունը:
Իր գործունեության երկու տարվա ընթացքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական և բիզնես հմտությունների կարճաժամկետ ու երկարաժակետ դասընթացներին և սեմինարներին մասնակցել են ավելի քան 2000 ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից:
Նորարար գաղափարների բացահայտմանն ուղղված շուրջ 10 մրցույթներին մասնակցել են 100-ից ավել թիմեր: Այդ մրցույթների ընթացքում ներկայացված և մշակված լավագույն գաղափարների մեծ մասն այսօր շուկայում են կամ պատրաստ են մուտք գործել հայաստանյան և արտասահմանյան շուկաներ:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությունը ստացած թիմերից մի քանիսը գրանցված են իբրև նորաստեղծ ընկերություններ կամ գրանցման փուլում են՝ BigBrain, 4car.am, eagro.am, Apollosoft, Clean H2O, Lionsharp Solutions և այլն:
Յուրքանչյուր ոլորտում որդեգրելով նորարար մոտեցումներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը 2012 թվականի ամռանը սկսեց իրականացնել Կարճաժամկետ պրակտիկայի ծրագիր՝ հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ համատեղ: Ընդամենը մի քանի ամսում տեսական և գործնական հմտությունները խորացնելու և արդյունքում երաշխավորված աշխատատեղով ապահովելու այս մոդելի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները՝ ապահովելով մասնակիցների 90%-ի զբաղվածություն: Ներկայումս Պրակտիկայի սահմանները ընդլայնվում են՝ ներառելով նորանոր ընկերություններ :
Կենտրոնի գործունեությունը բազմիցս գնահատվել է իբրև արդյունավետ ինչպես ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից, որն ընդգրկել է ՄԻԿ Հայաստանը աշխարհի լավագույն ինովացիոն կենտրոնների ցանկում: