Դատական նիստը հետաձգվեց Գագիկ Ջհանգիրյանի շահերի ներկայացուցչի խնդրանքով
Այսօր` մայիսի 23-ին Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց “Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի” գործով հարուցված դատաքննությունը:
Դատական նիստին չէին ներկայացել Մատաղիսի գործով արդարացվածներ` Արայիկ Զալյանը,Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը:
Դատարանը հավաստեց, որ օրենքի սահմաններում հիշյալ անձինք ծանուցվել են դատավարության վայրի, օրվա և ժամի մասին:
Նախկին զինդատախազ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի շահերի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանն էլ գրավոր դիմում էր ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել դատական նիստը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական հաջորդ նիստի օր նշանակվեց` հունիսի 18-ին,ժամը 14:30-ին:
Հիշեցնենք,որ Մատաղիսի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվել են նույն զորամասի 3 զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու զինծառայողները դուրս են եկել զորամասից, հետո՝ հունվար ամսին, նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:
Աղմկահարույց սպանությունից 9 տարի հետո 3 դատապարտվածներն էլ արդարացվել են:
Նախաքննությունը այն ժամանակ իրականացրել է այժմ արդեն նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: