ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց խախտումների
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Միկ Դոլանը /Իռլանդիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԲՄՊԽ ղեկավար Պավլո Շամաեւը /Ուկրաինա/: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն