Ոչինչ չի բացառվում. Արամ Սարգսյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ոճրագործության զոհ դարփած Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրն է, չի համարում, որ հանցագործությունը բացահայտված է: «Իշխանությունները համարում են, որ բացահայտված է, բայց այդպես չէ»,-այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ««Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը գոնե պատվիրատուների առումով բացահայտված չէ: Եվ քանի բացահայտված չէ, նոր «հոկտեմբերի 27»-եր բացառված չեն այս երկրի համար: Այն մարդիկ էլ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել, իրենց բավարարված են համարում, բայց իրենց խղճի առաջ շատ հարցեր ունեն տալու»,-կարծում է Ա. Սարգսյանը:
Ըստ նրա` չի կարելի բացառել որևէ մի վարկած, թե ինչու տեղի ունեցավ «հոկտեմբերի 27»-ը:
Ապա անդրադարձ կատարելով գալիք խորհրդարանական ընտրություններին` Ա. Սարգսյանը հայտնեց, որ մտադրություն կա մասնակցել դաշինքով: «Ես օր է լինում, երեք չորս գործչի հետ եմ հանդիպում, որի հետ քաղաքական թեմաներով եմ զրուցում: Անուններ չեմ տալիս, որովհետև նրանք իրենց համաձայնությունը չեն տվել»:
Նա չբացառեց համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, որի դաշինքի անդամ էր նաև «Հանրապետություն»-ը: Բացառեց միայն «Համախմբում» կուսակցության հետ համագործակցությունը. ««Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» կուսակցությունների հետ համագործակցություն հնարավոր է, սակայն ոչ Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ, քանի որ այդ ուժը «Մարտի 1»-ի պատասխանատուներից է, բացառվում է` համագործակցություն Վարդան Օսկանյանի կուսակցության հետ»,-ընդգծեց նա: