Դժվարամատչելի հետազոտությունները հասանելի են դառնում
ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։
Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար այդ գումարներն սպառվում էին։
Նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որևէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ ծրագրի 2016թ. ֆինանսավորումն ավարտվել է։
«Մենք հնարավորություն գտանք չծախսված և տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը և համալրել գումարները, որպեսզի մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,-այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների, առաջին հերթին` թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտությունների գործող գները։
Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել են տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չեն վերանայվել: Այս ընթացքում զգալի աճել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչը մրցակցության հետևանքով հանգեցրել է մատուցվող ծառայությունների գների նվազման:
Բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը նշված շուկայում ազատ մրցակցության հնարավորություն կստեղծի, իսկ որ առավել կարևոր է` պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ կսպասարկվեն:
Լևոն Ալթունյանը դիմեց նաև բժիշկներին։ «Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երևի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին և վիճակին»,-նշեց նախարարը։ Արդեն իսկ մշակվել և ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ և արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։ Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Լևոն Ալթունյանը հորդորեց բժիշկներին ևս մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։ Նա նաև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Այժմ նախարարությունը նոր պայմանագրեր է կնքում նշված ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում է, որ ուղեգրեր ունեցող մեր քաղաքացիները մեկ շաբաթից հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Հարցերի և բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գիծ` 010-52-77-82 հեռախոսահամարով։