Իշխանությունն ու ընդդիմությունն եկան փոխհամաձայնության
Իշխանությունն ու ընդդիմությունն այսօր խորհրդարանում քննարկումների արդյունքում համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Սուտ հայտարարությունը տարբերակվելու է, այսինքն՝ տարբերակվելու են դիտավորությամբ արված և անփութությամբ արված, որովհետև եթե դիտավորությամբ է արված, թող, հա, քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսում ենք տուգանք՝ մինչև 800 հազար դրամ կամ մինչև 2 տարի ազատազրկում: Իմաստն այն է, որ հանցավոր անփութության համար մարդիկ գոնե տուգանքով են պատասխանատվության ենթարկվում»,-արդյունքները ներկայացրեց Լ. Զուրաբյանը:
Մեր դիտարկմանը, թե փաստորեն իշխանությունը համաձայնել է ընդդիմության պահանջներին, նա արձագանքեց, թե սա կոմպրոմիս է 5 խմբակցությունների միջև:
«Մենք կարող ենք ասել, որ եկել ենք փոխզիջումային լուծման, ոչ թե մեր առաջարկն ընդունվել է»: Հարցին՝ գոհ է այդ արդյունքից, նա ասաց. «Միշտ էլ կարելի է ինչ-որ բանից դժգոհ մնալ, հարցն այն է, որ խնդիրն ի վերջո այնպես լուծվի, որ դեմոկրատական գործընթացը ապահովվի»:
Հիշեցնենք, որ ԸՕ-ի վերաբերյալ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չէին գալիս հիմնականում մեկ դրույթի վերաբերյալ, որ դիմում ներկայացնողը պետք է ն աև ապացույցներով հանդես գա, իսկ եթե չկարողանա ապացույցներ ներկայացնել, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի: